Գալուստ Սահակյանը դեռ չգիտի՝ երջանիկ է, թե ոչ (տեսանյութ)
Պարզվում է՝ Աժ որոշ պատգամավորների համար երջանկությունը քաղաքական երեւույթ է։ Այսօր Երջանկության օրն է։
«Երջանիկ է այն մարդը, որն ապրում է երջանիկ հասարակությունում: Եւ այդ մտածումը դեռ իմ մեջ չկա` երջանիկ եմ, թե ոչ, որովհետեւ երկիրը լուրջ խնդիրներ ունի, պարզապես գոհ եմ նրանից, ոչ թե երջանիկ, որ փորձում եմ դերակատարում ունենալ մեր իմացած երջանկությունն ապահովելու համար»,-ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
«Ինձ թվում է` լիարժեք երջանիկ լինելու համար պետք է հասարակությունը, քեզ շրջապատող մարդիկ նույնպես երջանիկ լինեն: այս դեպքում ես կլինեն լիարժեք երջանիկ: Փառք Աստծո ունեմ լավ քաղաքական թիմ, ինձ համար մի լավ օջախ` ՕԵԿ օջախը»,-ասում է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
Այսօր Երջանկության համաշխարհային օրվա առիթով պատագամավորներից ոմանք էլ խոստովանեցին, թե ինչը կարող է նրանց երջանկացնել:
ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց. «Երջանիկ լինելու համար, կարծում եմ, մեկ գաղափարից չպետք է շեղվել` դա սիրո գաղափարն է, սերն ամեն ինչի նկատմամբ` հայրենիքի, ընտանիքի, կնոջ, երեխայի, ընկերոջ, ահա այս գաղափարը ճիշտ զարգացնելով՝ յուրաքանչյուրն իր հոգեբանության մեջ, կգտնի իր երջանկությունը»
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը գտնում է, որ երջանկությունն ընկալման մեջ է. «Այսինքն` մարդն ամեն ինչ կարող է ունենալ, սակայն իրեն երջանիկ չզգալ, եւ հակառակը` շատ փոքր բաներից կարող է երջանիկ լինել»:
«Երջանիկ պահերից մեկը....ուրեմն դա եղել է, ռուսերեն մի բառ կա` զրելիշչա, դա 1988թ. փետրվարի 20-ն էր, երբ մենք իջանք օպերայի հրապարակ եւ այդ ամբողջ զանգվածը մի քանի ժամվա մեջ եկավ եւ նորություն էր այդ ամբողջ մարդկային հոսքը, տպավորվել է իմ մեջ, հիշում եմ ու այդ ներքին ոգեւորությունն ապրում եմ»,- մեր հարցին պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Իսկ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն, ով ԱԺ էր եկել քննարկման մասնակցելու, մեզ հետ եւս կիսեց երջանկության իր բանաձեւը. «Գիտեք, յուրաքանչյուր մարդ երջանկության իր բանաձեւն ունի, եւ դրանով է որոշում` ինքը ինչքանով կամ ինչով է երջանիկ: Երջանիկ եմ նրանով, որ ունեմ լավ ընտանիք, որ ապրում եմ ազատ,անկախ երկրում, որ ունեմ աշխատանք, որտեղ ես կարող եմ ինքս ինձ ռեալիզացնել»: