Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեմքով իմանալ նրանց, ումից պետք է ազատվել

Քաղաքականություն
743c78bcb2179b553abc0bd49567ead6

«Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց Երկիրը» եւ ՀՀԿ-ն ուզում են, որ ընդդիմությունը երկխոսի:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի կարող ասել, թե որ դեմքերի մակարդակով ճիշտ կլինի երկխոսելը։

«Նրանք, ովքեր ունեն իշխանություն, պիտի լսեն նրանց ձայնը, ովքեր այսօր չունեն իշխանություն, բայց ունեն հստակ ձեւակերպված բողոք»,- «Ա1+»-ին ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին դուր է գալիս Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինս իշխանությանը ոչնչով չի սպառնում, մնում է, որ նաեւ երկխոսի

«Կուտակված լիքը խնդիրներ կան, շատ խնդիրներ կան եւ այդ խնդիրների լուծման համար միակ ճանապարհը երկխոսելն է»,- ասում է նա։

Պարոն Մարգարյանը չի բացառում, որ երկխոսությունը կօգնի իշխանությանը դեմքով իմանալ այն մարդկանց, որոնցից պետք է ազատվել. «Իհարկե, մենք ունենք բազմաթիվ լճացած եւ հոգնած դեմքեր»

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ավելի լավ առաջարկներ ունի` կառավարման լծակներ տրամադրել ընդդիմությանը, նույնիսկ կոալիցիոն համագործակցությունը չի բացառվում. «Մենք իշխանությունը միայնակ իրացնելու խնդիր չունենք»։

Հանրապետականում առայժմ չեն կողմնորոշվում՝ ինչքանո՞վ է վճռական Րաֆֆի Հովհաննիսյանը դիակ դառնալու հարցում։

Իսկ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչով կավարտվի Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը. «Գործողությունների մեջ ես տրամաբական քայլերի հաջորդականություն չեմ տեսնում»։

Գագիկ Ջհանգիրյանը կխուսափեր Րաֆֆի Հովհաննիսյանին ասել, թե որ քայլերը ճիշտ կլինեին հաղթանակի համար։ Հացադուլ հաստատ չէր անի, Րաֆֆին դրանով չի զարմացնի 36 տոկոս աղքատություն ունեցող հայությանը. «Այսինքն, սոված է կամ կիսասոված է, հիմա էս ֆոնի վրա ես էլի եմ ասում, ես չեմ կարող գնահատել որպես դա ուժեղ քայլ»։

Այնուամենայնիվ, հացադուլը դադարեցնելու հորդորներ Գագիկ Ջհանգիրյանը չի անի, ինքը դրա բարոյական իրավունքը չունի։