Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականը պահանջեց Փոստանջյանին դուրս հրավիրել

Քաղաքականություն
56c5914b8bf4748a2d26aeb0bc1ce6dd

ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին հիշեցրեց՝ արտահերթ նիստ անելու նախաձեռնությունը:

Հովիկ Աբարահամյանը պատասխանեց՝ նշելով, թե ինքը չի համարում, որ բանակցությունները ձախողված են. «Մենք դեմ չենք եղել, այլ առաջարկ ենք արել, որ գոնե ներկայացված հարցերից մեկում փոփոխություն արվի: Բացի ձեզնից, բանակցող մյուս կողմերը համաձայնվել են: Դա եղավ պատճառը, որ բանակցությունները հետաձգվեցին: Ես հիմա էլ եմ հորդորում հավաքվել ու եւս մեկ անգամ քննարկել»:

Ռուբեն Հակոբյանը շարունակեց՝ նշելով, թե եթե Հովիկ Աբրահամյանն է եղել խորհրդակցություն սկսելու նախաձեռնողը, ապա պարտավոր էր անցկացնել արտահերթ նիստ, որի ընթացքում պիտի ներկայացներ նախագիծ. «Քանի որ նման բան չեղավ, մենք այլեւս չենք մասնակցել նորից վերսկսվող բանակցություններին: Ես ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ն իրավունք չունի անմասն մնալ այն իրավիճակից, որ ստեղծվել է ՀՀ-ում, արդյունքում հարցերի քննարկումն այլեւս տղափոխվել է քրեական աշխարհ՝ դրանք իրենց ձեւերով լուծելու համար: Ինչո՞ւ եք ԱԺ ամբիոնը թաքցնում»: Հովիկ Աբրահամյանն արձագանքեց՝ ասելով. «Մի ինստիտուտի մասին եք հիմա դուք խոսում, որն ուզում եք լուծարել»:

Իսկ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը վարման կարգի հետ կապված ձայն խնդրելով, սկսեց ընթերցել  Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված այն նամակը, որը պիտի գրի Սերժ Սարգսյանը. «Սիրելի Րաֆֆի, ո՞րն է ճիշտ քաղաքական դաշտում...»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց նրան՝ ասելով, թե նրա ներկայացրած դիմումը կապ չունի օրակարգի հետ: Զարուհի Փոստանջյանը քիչ անց նորից ձայն խնդրեց ու կրկին սկսեց ընթերցել նույն նամակը, սակայն նրա միկրաֆոնը կրկին անջատեցին:
Հաջորդ փորձը՝ կրկին ընթերցելու նամակը, դարձյալ ձախողվեց՝ տիկին Փոստանջյանի բարձրախոսը չմիացրին: «Պարոն Աբրահամյան, կարող եք բացատրել թե ով է որոշում վարման կարգի մասին ով ինչպիսի հայտարարություն պետք է անի, որքանով են ձեր գործողություններն այսպիսով օրինական»:

«Կանոնակարգ օրենքով այդպես է»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը: Զարուհի Փոստանջյանը, այնուամենայնիվ, շարունակեց անջատված միկրոֆոնով ընթերցել նամակը՝ Հովիկ Աբրահամյանի խոսքին զուգահեռ: «Ելույթ ունեցողին դուրս բերեք դահլիճից, հակառակ դեպքում ես դուրս կգամ»,- հայտարարեց ՀՀկ պատգամավոր Մանվել Բադեյանը: Այդ պահին Զարուհի Փոստանջյանն արդեն ավարտել էր նամակի ընթերցումը: