Նկարներ՝ նվիրված ՖԻԴԵ-ի նիստին
Երեւանի գեղարվեստի ակադեմիային կից պատկերասրահում այսօր բացվեց այս տարվա հունվարին Ծաղկաձորում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստին նվիրված ցուցահանդես:
Այդ կապակցությամբ ակադեմիայի եւ Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի 25 ուսանողները ներկայացել էին շախմատային շեշտադրում ունեցող նկարներով եւ քանդակներով:
«Այսպիսի ցուցահանդես բացելու մտահղացումը ծագել է անցած տարվա աշնանը, որպեսզի մինչեւ ՖԻԴԵ-ի խորհրդի սկիզբը ամեն ինչ պատրաստ լիներ: Սկզբում նկարներն ու քանդակները ցուցադրվել են Հայաստանի շախմատի ակադեմիայում, իսկ այսօր այն բերեցինք մեր պատկերասրահ, քանի որ այստեղ ավելի հարմար է ցուցադրել դրանք» - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Երեւանի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը նշեց, որ ինչ մտածել էր ամիսներ առաջ, այսօր իրականություն դարձավ:
«Հաճույքով դիտեցի նկարները եւ շատ ուրախ եմ, որ շախմատի մասին մեր հասարակությունը մտածելու, հաղորդակցվելու տարբեր ձեւեր ունի: Մշակույթն ավելի հարուստ կդառնա, եթե շախմատը մուտք գործի այդտեղ» - նշեց անվանի գրոսմայստերը:
Ինչպես նշեց Էդիկ Վարդանյանը, գեղարվեստի ակադեմիայի եւ ՀՇՖ-ի ու շախմատի ակադեմայի համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու: