«Ով հարգի, կդառնա գործընկեր»
Նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով 2-րդ տեղը գրաված նախագահի թեկնածու Կապան քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանին ներկայացրած իր բոլոր առաջարկները մերժվել են, ուստի սպասում է նրա առաջարկներին։
«Ժառանգություն» կուսակցության նախագահը կրկնեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պետք է հրաժարական տա։
Այս հանդիպման ընթացքում պարոն Հովհաննիսյանին էին մոտենում քաղաքացիներ և փորձում պաշտպանել մարզպետին, սակայն նրանց խոսքն անմիջապես խլացնում էին կապանցիների «ամոթ» վանկարկումները։
Հանրահավաքի ժամանակ մի քաղաքացի փորձեց ճշտել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ կողմնորոշում ունի դեպի Ռուսաստան, թե՞ Արեւմուտք։
Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ այդ ժամանակները վաղուց անցել են, հիմա գերակայում է ազգային շահը։ «Ով հարգի այդ շահը, նա կդառնա մեր ռազմավարական գործընկերը»- պարզաբանեց պարոն Հովհաննիսյանը։
Նա անդրադարձավ նաեւ ընտրությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի ստացած շնորհավորանքներին։
«Փոխանակ, Արցախի անկախությունը ճանաչեն, ճանաչում են ընտրությունները արդյունքները։ Բոլորը պետք է ճանաչեն Արցախը եւ Ցեղասպանության 100 ամյակի առիթով մեր իրավունքները»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ներկայացնելով հետագա քայլերը՝ պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փետրվարի 28-ին Ազատության հրապարակում արտոնված հանրահավաք կանցկացվի։ Նա կատակեց. «Սակայն կապանցիների համար ավտոբուս չի ուղարկելու»։
Մարտի 1-ին նրանք Ազատության հրապարակից լուռ երթով կշարժվեն դեպի դեպի Մյասնիկյանի հրապարակ՝ հարգելու 2008 թ մարտի 1-ի զոհերի հիշատակը ։
«Մարտի 2-ին շատ կարեւոր բան եմ ասելու Ազատության հրապարակում»,- նշեց նա
Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ կանգառը կլինի Գորիսն ու Սիսիանը։