Հովիկ Աբրահամյանը էլ չի ուզում վարչապետ դառնալ (տեսանյութ)
Այս պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների հետ միասին դեռ շարունակում են քննարկումները հետընտրական գործընթացների վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ:
Այս մասին այսօր ԱԺ քառօրյայի ընդմիջմանը լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն՝ ավելացնելով, որ հիմա աշխատում են մի հայտարարության տեքստի վրա, որը կընդունվի արտահերթ նիստի ավարտին:
«Ես համամիտ չեմ այն մարդկանց հետ, թե տվյալ համայնքում եթե Սերժ Սարգսյանը պարտվել է, ուրեմն այդ համայնքապետը կամ մարզպետը պետք է հրաժարական տար: Եղած հրաժարականները ես համարում եմ ոչ թե կուսակցության նախաձեռնություն, այլ տվյալ համայնքապետի բարոյական խնդիրն եմ համարում, իսկ մյուս մարզպետերի հրաժարականների մասին դիմումները կառավարությունն է ընդունելու: Նորից եմ կրկնում՝ հրաժարականների դիմումները ՀՀԿ-ի եւ իշխանության պարտադրանքը չեն եղել»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքներին եւ նրա կոշտ հայտարարություններին, ապա ԱԺ նախագահը հայտարարեց, որ դրանք չեն բխում Սահմանադրությունից. «Բոլոր քաղաքական ուժերը պետք է ընդունեն պարտությունը, շնորհավորեն հաղթող թեկնածուին, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ձայները օգտագործի ոչ թե փողոցային միտինգներում, այլ առաջիկայում ներկայացնի իր առաջարկություններն ու բարեփոխումների ծրագրերը իշխանություններին ու նստենք քննարկումենրի»:
Ըստ նրա՝ քարոզարշավի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը շատ լավ օգտագործել արեւմտյան բոլոր տեխնոլոգիաները եւ կոչ է անում նրան՝ միայն քննարկումների ճանապարհով ներկայացնել բոլոր ողջամիտ առաջարկները: Օրինակ, ըստ պարոն Աբրահամյանի, ողջամիտ առաջարկը կլինի այն, որ ասվեր, թե «Ժառանգության» այս կամ այն անդամը կարող է կառավարել այս կամ այն ոլորտը եւ քննարկում լիներ այդ ուղղությամբ:
Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ անցկացրած հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ թյուր տեղեկատվություն է այն, որ դա տեղի է ունեցել իր գիտությամբ, անի որ Արտաշատը իր ազդեցության տիրույթում է. «Ինչո՞ւ միայն Արտաշատն է իմ ազդեցության տիրույթում: Ես ըմդռնումով եմ մոտենում ԶԼՄ-երի աշխատանքին, սակայն կոչ եմ անում լինել ավելի կոռեկտ: Կայքերից մեկում ես տեսել եմ հակառակը, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցող մարդը ինքը նկարահանողին սադրում»:
Իսկ Արտաշատում սիրում են Հովիկ Աբրահամյանին, քնաի որ, իր իսկ խոսքերով, այնտեղ երկար տարիներ աշխատել է ու շատերին աջակցել. «Բայց մենք ե՞րբ ենք Րաֆֆի Հովհաննիսյանին վախեցնել, որ ասում է, թե ուզում ենք վախեցնել. նա վիրտուալ կյանքից պետք է իջնի, իրականությունն այլ է»:
Բացի Րաֆֆի Հովհաննիսյանի թեմայից, Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ իր անվան շուրջ լուրերին, մասնավորապես այն, որ իրեն վարչապետ են նշանակելու. «Այս անգամ ես որոշել եմ հրաժարական չտալ, կներեք էլի, փոշմանել եմ, էլ չեմ ուզում վարչապետ դառնալ: Ինչ վերաբերում է կառավարությունում փոփոխություններին, ապա դրանք լինելու են, սակայն վարչապետի փոփոխություն չի լինելու. մենք դեռ Երեւանի ավագանու ընտրություններ ունենք, շտապելու խնդիր չունենք՝ շարժվում ենք ըստ ժամանակացույցի: Ապրիլի 9-ին կլինի Սերժ Սարգսյանի երդմնակալությունը եւ մեկ ամսյա ժամկետում նախկին կառավարոթյունը հրաժարական կտա»:
Նա անդրադարձավ նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ իր հանդիպմանը՝ հաստատելով, որ իսկապես հանդիպել է նրա հետ, քանի որ շատ ջերմ հարաբերություններ ունեն, սակայն կոռեկտ չհամարեց խոսել հանդիպման մանրամասներից: