Սարգսյանը մեղավոր չի՞, մարզպետն է մեղավո՞ր
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը համոզված է, որ 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունները անցել են արդար և թափանցիկ: Կարինե Աճեմյանը կասկած չունի, որ եթե այսօր ՀՀ բոլոր ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ լինի, ապա ընտրությունների արդյունքները չեն փոխվի:
Իսկ այն ընտրողներն, ովքեր իրենց ձայնը չեն տվել Սերժ Սարգսյանին, Կարինե Աճեմյանը վստահ է, որ այս հարցում մեղավոր չէ Սերժ Սարգսյանը. «Բողոքը ոչ թե նախագահին էր ուղղված, այլ այն համակարգին, որը կոչվում է Տեղական ինքնակառավարման մարմին, որի մեջ մենք շատ թերություններ ունենք, որովհետև այդտեղ կան մարդիկ, ովքեր հավատարիմ չեն այն քաղաքական գծին, որն իրականացնում է Սերժ Սարգսյանը»,- ասաց տիկին Աճեմյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն, ի տարբերություն ՀՀԿ պատգամավորի, ընտրությունների վերաբերյալ բոլորովին այլ կարծիք ունի: Թեւան Պողոսյանը համոզված է, որ ընտրությունները ոչ միայն արդար և թափանցիկ չեն ընթացել, այլև բազմաթին ընտրատեղամասերում բողոքարկումներն արհամարհվել են. «Բոլոր խախտումները հնարավոր չէր գրանցել, բայց մենք գրանցել ենք դրանց մի մասը: Պատկերացրեք` պարոն Սարգսյանը ստանում է 100 տոկոսանոց արդյունք գյուղերում, որտեղ ընտրողների թիվը 900 է, և այդ 900-ն էլ մասնակցել են ընտրություններին: Ուղղակի չեմ պատկերացնում որ, տեխնիկապես հնարավոր է նման իրավիճակ»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Ինչ վերաբերվում է ընտրություններին հաջորդած «Ժառանգության» հանրահավաքներին, Կարինե Աճեմյանը կարծում է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի հստակություն չի մտցնում իր քաղաքականության մեջ և ժողովրդին տանում է դեպի անհայտություն. «Շատ ավելի լավ կլինի, որ դուք ավելի կառուցողական դառնաք, ձևավորեք ընդդիմադիր դաշտ, որը մեզ շատ կօգնի, բայց խեղաթյուրել ընտրությունների արդյունքները` մենք ձեզ թույլ չենք տա, քանի որ օրենքը մեր կողմն է»,- Թևան Պողոսյանին խորհուրդ տվեց Կարինե Աճեմյանը: