Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորներն առանձնացան

Քաղաքականություն
12255e798b2acd9a29ecd3a8d9676e11

ԱԺ այսօրվա քառօրյայի ընթացքում ընդդիմության պատգամավորները պարբերաբար հիշեցնում էին խորհրդարանական մեծամասնությանը, որ հիմա փողոցներում լրիվ այլ բան է կատարվում, եւ յուրաքանչյուր պատգամավոր ինքնահարգանքից դրդված պետք է քննարկի այն հարցերը, որոնք հուզում են ՀՀ քաղաքացիներին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը միտումնավոր միայն լավ բաներ է անում, որը պետության շահերից է բխում. «Կարեւորն այն է, թե ով է փողոցում այդ շարժումն ուղղորդում: Հավաքվենք ու հետընտրական պրոցեսները քննարկենք»:
Ի դեպ, այսօր երբ խոսում էր Զարուհի Փոստանջյանը, Էդուարդ Շարմազանովը անջատեց նրա խոսափողը, թեեւ տիկին Փոստանջյանին տրամադրված ժամանակը դեռ չէր լրացել:

ԱԺ դահլիճ ուշացումով մտան ՀՅԴ պատգամավորները եւ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն հայտարարեց, որ միանում է արդեն հնչած այն տեսակետներին, որ պետք է քննարկումներ ծավալել ընտրությունների արդյունքների վերաբերյալ. « Պետք է գտնել որեւէ ձեւաչափ քննարկման»:

Երբ ԱԺ-ն անցավ հաստատված օրակարգի հարցերի քննարկմանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու բոլոր նախագծերին՝ անկախ դրանց նրբություններից ու առանձնահատկություններից. «Այդպիսով արտահայտելով իմ վերաբերմունքը այն քաղաքական ուժերին ու կառույցներին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձեւով առնչություն ունեն ՀՀ-ում ստեղծված ճգնաժամին»: Քիչ անց նա եւ Զարուհի Փոստանջյանը լքեցին դահլիճը:
Աժ նիստի կեսից Ալեքսանդր Արզումյանը, Արմեն Ռուստամյանը, «Ժառանգության» պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Թեւան Պողոսյանը, ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը դուրս եկան դահլիճից ու առանձնացան՝ ըստ երեւույթին քննարկելու ընտրությունների վերաբերյալ ընդդիմության բարձրացրած հարցերը, թեեւ նախապես խոստացել էին, որ այն բաց պետք է լիներ նաեւ լրատվամիջոցների համար: