Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավիճակը կփրկեն իմաստունները

Քաղաքականություն
bd99825757f8e7367fff1b298f295a98

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը համոզված է, որ ստեղծված իրավիճակում, երբ ժողովուրդն ընդվզում է, իրավիճակի տնօրինումն իր ձեռքը պետք է վերցնի հենց ժողովուրդը։ «Պետք է կարողանանք այնպես անել, որ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ հասկանան, որ այս վիճակում երկիրն այլևս չի կարող մնալ»,- այսօր «Ա1+»-ին ասաց Աշոտ Մանուչարյանը։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամի համար ամենևին էլ կարևոր չէ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է իշխանության գալ, թե ոչ. «Պետք չէ անդադար ընկնել այն բանի հետևից, թե Րաֆֆի Հովհաննիսյանի աչքի վերևը ունք կա, թե ոչ։ Այստեղ կա ամենակարևոր հարցը. կկարողանանք արդյո՞ք այս վիճակն օգտագործենք ինքներս, ոչ թե թույլ տանք, որ ուրիշները մեզ բախման բերեն, և երկիրը հայտնվի ճանր վիճակում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը։

Ժողովրդին համախմբող ուժ պետք է ստեղծվի, որն էլ, ըստ Աշոտ Մանուչարյանի, կմիավորի իշխանությանն ու ընդդիմությանը ի նպաստ երկիրը ստեղծված իրավիճակից հանելուն։ Իսկ այդ ուժը պետք է բաղկացած լինի մտավորականներից, կամ ինչպես ինքն է ասում՝ պետք է ստեղծվի իմաստունների շրջանակ։

«Իսկ իմասնունների այդ շրջանակի մեջքին պետք է կանգնած լինի ընդվզած ժողովուրդը։ Հակառակ դեպքում նորից իշխողները փորձելու են պահպանել այս իրավիճակը, իսկ ընդվզած քաղաքական ուժերն էլ փորձելու են օգտագործել այս իրավիճակը՝ իշխանության գալու համար»,- ասաց Աշոտ Մանուչարյանը։

Աշոտ Մանուչարյանն այսօր նաև անդրադարձավ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ երեկ արած հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել Շուշիի ազատագրմանը և բանակցություններ է վարել, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամը համոզված է, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են Կոմանդոսին օգտագործել իրենց նպատակների համար. «Ես նրան անվանում եմ հերոս հրամանատար։ Տեղի է ունեցել քայքայիչ գործողություն։ Մեր սրբությունները պղծում են, պիղծ գործողությունների մեջ են նրանց ներքաշում։ Վերջապես, հասկացեք, թե ում հետ գործ ունեք. նրանք խաղացող պատանիներ չեն»,- ասաց Աշոտ Մանուչարյանը։