Զոյա Թադեւոսյանը կմիանա Ր. Հովհաննիսյանին, եթե... (տեսանյութ)
5/21 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ Զոյա Թադևոսյանն ասում է` անմտություն է, երբ որևէ քաղաքական ուժ մասնակցում է ընտրություններին` շատ լավ գիտակցելով, որ անհնար է հաղթանակ տանել:
«Որովհետև իշխանությունները հանցագործ են։ Ընդդիմությունը պետք է համախմբվեր։ Ինձ համար մեծ ցավ է, որ մեր ժողովուրդը հուսալքվեց ևս մեկ անգամ»,- ասաց Զոյա Թադևոսյանը։
Ընդդիմադիր թեկնածուների համախմբման մասին խոսելիս տիկին Թադևոսյանը հիշեցնում է, որ 2008թ. երբ առաջադրվել էր Լևոն Տեր - Պետրոսյանը, նա փորձեց համախմբել ընդդիմադիր ուժերին.
«Լևոն Տեր- Պետրոսյանը բոլորի դուռը գնաց, բոլորին խնդրեց՝ ստեղծել միավորված որևէ քաղաքական թիմ, բայց նշված այս յոթից ոչ ոք իրեն թույլ չտվեց նման բան։ Ինչո՞ւ։ Չիները կընկնե՞ր նրանց»,- հարցնում է ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը։
ՀԱԿ անդամը վստահ է, որ ժողովրդի քվեն պահելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է համախմբվելու կոչ անի քաղաքական բոլոր ուժերին։ «Ես պատրաստ եմ պայքարելու հանուն այդ քվեի։ Եթե նա համախմբվելու կոչ անի, ես նույնպես կմիանամ նրան»,- ասաց Զոյա Թադևոսյանը։
Զոյա Թադևոսյանը «Ժառանգություն» կուսակցության ներկայիս վիճակը նմանեցնում է այն նույն վիճակին, որում գտնվում է ՀԱԿ-ը 2008թ. ի վեր։ «Այս ընտրություններում իշխանությունները փորձեցին նրան ջարդել, կոտրել, մաստատել, փշրել: Իշխանությունները միշտ են այդպես վարվում իրենց մրցակիցների հետ»,- ասաց տիկին Թադևոսյանը։