Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը հանդիպեց արվեստագետներին (տեսանյութ)

Քաղաքականություն
90e3f5e7ac3ef4a7f35f64c4c96dc42d

Կենտրոն համայնքի բնակիչների հետ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այսօրվա հանդիպմանը գերակշռում էին արվեստագետներն ու մշակույթի գործիչները:

Հայտնի դերասան Միքայել Պողոսյանի՝ նրան ուղղված հարցը վերաբերում էր մշակույթի բնագավառին. «Ինչո՞ւմն է խնդիրը, որ այս տարիների ընթացքում հայ արվեստագետը չի կարողանում դառնալ համաշխարհային դեմք, ունենք սպորտի, գիտության բնագավառում այդ հաջողությունը, սակայն ոչ մշակույթում»:

Ի պատասխան նախագահի թեկնածուն ասաց, որ ինչքան էլ տաղանդավոր լինի հայ գրողը, նրա լսարանը երեք միլիոն հայրենակիցներն են. «Դժվար է այդպիսի լսարանով համաշխարհային ճանաչման արժանանալ: Սակայն ամենաառաջին պայմանը տաղանդն է: Իմ համպատրաստից պատասխանը միգուցե շատերին չբավարարի, սակայն ես չեմ ցանկացել ասել, որ մենք ամենալավն ենք, թեեւ ինձ համար ամենասիրելին մերոնք են»:

Ավելի ուշ, պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի պատասխանը նրան բավարարեց, Միքայել Պողոսյանը պատասխանեց, որ համենայնդեպս նրան խորհելու առիթ տվեց. «Իսկ մնացածը կերեւա հետագա քայլերից»:

Երգչուհի Էմմա Պետրոսյանն իր վրդովմունքը հայտնեց արվեստի բնագավառում եղած անճաշակության վերաբերյալ. «Ես ուզում եմ ինձ ապահով զգամ՝ որպես արվեստագետ. հեռուստաընկերություններով հեռարձակվող անճաշակ երաժշտությունն ու հաղորդումներն անճաշակություն են... Ես մենակ եմ մնացել, ես ցանկանում եմ ձեր աջակցությունը, ես ցանկանում եմ մշակույթի իրական գործիչների ներկայությունը»:

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ մի երաժշտության տակ կարող ենք նույնիսկ սարեր շուռ տալ. «Անճաշակության դեմ պայքարը պետության խնդիր չէ, այլ մենք աջակցողի տեղում կարող ենք լինել. պետության քարը ծանր է. եթե պետությունը մեկի մասին մի բան է ասում, խնդիրները բարդանում են: Երբ անճաշակ մարդուն նրա արվեստագետ ընկերն է ասում, երբ գործի գիտակն է ասում, եւ ասածի քաշն է մեծանում, եւ ազդեցության աստիճանը: Ես ձեր կողքին եմ, ու ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ ձեր ապագան լինի շատ լավը»:
Հարց տվեց նաեւ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը. «Ի՞նչ ծրագրեր ունեք սահմանամերձ գյուղերի մասին, որը օրվա հացի պես կարեւոր հարց է կոնկրետ ինձ համար»: Սերժ Սարգսյանն հայտարարեց, որ այդ գյուղերն ազատել են հողի հարկից եւ ջրի որոշակի վարձից: Նա չշրջանցեց նաեւ սահմանամերձ Մովսես կատարած իր այցը, որը մեծ աղմուկ ու տարաձայնություններ էր առաջացրել. «Մովսես գյուղի ծերունիներից մեկը խոսեց արտագաղթի ու աշխատատեղերի մասին ու ասաց, որ մի գործարան լիներ, հարցը կլուծվեր: Ախր, սահմանամերձ գյուղում ինչպես կարող է գործարան լինել: Մենք ամեն ինչ արել ենք այդ գյուղի համար, մնում է իրենք աշխատեն: Շուշան, բացի հայրենասիրության քարոզումից, նաեւ՝ խնդրում եմ աշխատելու քարոզ արա»:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը եկավ ՀՀԿ Կենտրոնի գրասենյակ։ Նրա այցի առիթով Վերնիսաժին հարակից տարածքը մի քանի ժամ ոստիկանական հսկողության տակ էր, ոչ մեկին թույլ չէին տալիս անցնել։