«Դա ոչ տղամարդկային որոշում է»
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը վերջերս կայացած փակ նիստի ժամանակ որոշում է կայացրել 2020 թվականի օլիմպիական ամառային խաղերում հրաժարվել որոշ մարզաձեւերից: ՄՕԿ-ի «սեւ ցուցակում» հայտնված մարզաձեւերից է նաեւ Հայաստանում հենակետային ձեւ հանդիսացող ըմբշամարտը:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Ջուլֆալակյանն այդ որոշումը ոչ տղամարդկային է համարում.
«Ես չգիտեմ, թե ով է կոնկրետ նման առաջարկություն արել ՄՕԿ-ի գործկոմում, սակայն կարծում եմ, որ այդ մարդը հավանաբար չի սիրում տղամարդկային մարզաձեւերը կամ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է»:
Օլիմպիական չեմպիոնը միանշանակ համոզված է, որ այդ որոշումը մեծ հարված կհասցնի մարզաձեւին.
«Եթե ըմբշամարտը իրոք հանեն օլիմպիական խաղերի ծրագրից, ապա գնալով կնվազի մարզաձեւի մասսայականությունը, բոլոր երկրները քիչ ուշադրություն կդարձնեն եւ քիչ ներդրումներ կկատարեն ըմբշամարտում»:
Արսեն Ջուլֆալակյանը այդ վիճակից դուրս գալու մեկ տարբերակ է տեսնում:
«Ըմբշամարտի առաջատար երկրները պետք է համախմբվեն եւ տարբեր եղանակներով, լինի դա դիմումի, բաց նամակի կամ բողոքի ցույցերի ձեւով, դիմեն ՄՕԿ-ի ղեկավարությանը եւ օրենքի սահմաններում պահանջեն հրաժարվել այդ որոշումից»:
Թե ինչ ավարտ կունենա այս գործընթացը, պարզ կդառնա այս տարվա սեպտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում, երբ հայտնի կդառնա 2020 թ օլիմպիական խաղերի մայրաքաղաքը եւ խաղերի ծրագրից հանված մարզաձեւը, պարզապես նշենք, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան արդեն այսօր Թայլանդում հրավիրել է արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվում են հենց ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի կայացրած որոշումը: