Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նմուշի ՀԴՄ-ներ՝ հունվարի 1-ից (տեսանյութ)

Տնտեսություն
083e037f9315a0a12933bff7c2539a99

Կառավարության որոշմամբ՝ մինչեւ 2015 թվականը հանրապետության 60 հազար տնտեսվարողներ՝ հիմնականում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ստիպված կլինեն ձեռք բերել նոր Հսկիչ դրամարկղային մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը հասնում է մինչեւ 180 հազարի։ Արդեն 2013-ից հիմնականում մանրածախ առեւտրով զբաղվող տարեկան 100 միլիոն դրամ եւ ավելի հասույթ ունեցող, ամսական ԱԱՀ վճարող 1100 տնտեսվարողներ՝ 8400 վաճառակետերով, պարտավոր կլինեն տեղադրել նոր տիպի հսկիչ-դրամարկղային մեքենաները։

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում նոր նմուշի ՀԴՄ-ների ներդրման անհրաժեշտությունը բացատրեց, մասնավորապես, այն հանգամանքով, որ 2005-ին սահմանված՝ ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պայմանները համահունչ չէին ՀԴՄ-ներին ներկայացվող ժամանակակից պահանջներին։

«Մեր վարչական գործիքներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումները բավարար հիմքեր են տալիս եզրակացնելու, որ ձեռնարկատերերը կարողանում են ծրագրային միջամտություններ անել ՀԴՄ-ում, ինչը պակասեցնում է հարկային մուտքերը եւ ավելի քիչ շրջանառություն է ցույց տալիս։ Դրա համար մենք առաջարկում ենք փոփոխել ՀԴՄ-ները՝ որպեսզի մեր վարչարարությունն ավելի մեղմ լինի եւ բացառվի ծրագրային միջամտության միջոցով ծավալները նվազեցնել», - նշեց ՊԵԿ նախագահը։

Գալիք հունվարի1-ից շրջանառության մեջ դրվող ՀԴՄ-ները պետք է ունենան առնվազն 128 ՄԲ ծավալով հիշողության սարք, որի մեջ հայտնված տվյալները չեն կարող ջնջվել, լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, ինտերնետ-կապի միջոցով վերադաս հարկային մարմին հետ կապվելու հնարավորություն։

ՊԵԿ նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀԴՄ-ների ներդրումը պետք է էապես կրճատի տնտեսությունում ստվերի ծավալը. այլ կերպ ասած՝ հարկայինը կարող է «օնլայն ռեժիմով հետեւել բիզնեսի վարքագծին»։

Բացի դրանից, նոր ՀԴՄ-ների ներդրումը, ըստ պարոն Միրումյանի, խնդիրներ է լուծում սպասարկման ոլորտում։ Մասնավորապես՝ հնարավորություն է նախատեսում ՀԴՄ-ների միջոցով խոշոր առեւտրի կենտրոններում՝ սուպերմարկետներում անկանխիկ եղանակով պլաստիկ քարտերի միջոցով վճարումներ կատարել։

Նոր ՀԴՄ-ների գինը կարող է հասնել մինչեւ 180 հազար դրամի, բայց տնտեսվարողը հնարավորություն ունի շուրջ 33 տոկոսով ավելի էժան գնով ձեռք բերել դրանք՝ պետությանն ավելացված արժեքի հարկի հաշվանցման եւ շահութահարկի խնայողության միջոցով։
ՓՄՁ-ներին ներկայացվող ՀԴՄ-ները կարող են ավելի քիչ գործառույթներով օժտված լինել եւ 2-3 անգամ էժան կլինեն։ Կառավարությունը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ամենայն հավանականությամբ կօգնի նոր ՀԴՄ-ներ ձեռք բերելիս՝ սուբսիդավորման կամ հարկերի հաշվանցման միջոցով։

Մասնավորապես, կարող է քննարկվել նաեւ ՓՄՁ համար այդ ՀԴՄ-ները անվճար տրամադրելու հնարավորությունը»

Ո՞վ է խանգարում «ջարդել ստվերի մեջքը»

Գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարծում է, որ նոր ՀԴՄ-ների ներդրումը կնպաստի, որպեսզի հանրության մեջ հավատ առաջանա առ այն, որ «ստվերի մեջքը վերջապես կարելի է ջարդել»։
«Շուկան ինքը միասնական շղթա է, որի մի օղակը եթե մի օղակը քանդում ես՝ շղթան ամբողջովին քանդվում է»,- Կառավարությունում լրագրողների հետ զրույցում մարքսիստական հայտնի տեսությունը հիշեց Արսեն Ղազարյանը։

Նրա խոսքով, խոշոր տնտեսվարողից մինչեւ վերջին գյուղական կրպակը եթե չկանոնակարգվի, «կլինի է այն, ինչ ունենք՝ չորս-հինգ տարի է՝ պայքարում ենք, բայց ոչինչ չի ստացվում»։

Հարցին՝ թե ինչպե՞ս կարելի է Հայաստանում ստվերի դեմ կարելի է պայքարել այն դեպքում, երբ ամենախոշոր գործարարներից մեկը ՊԵԿ-ի ղեկավարն է։ «Ես նման պաշտոնական տեղեկատվության չեմ տիրապետում»։

Ի դեպ, ըստ որոշ տվյալների, նոր նմուշի ՀԴՄ-ներ ներկրող ընկերությունը գրանցված է նույն հասցեում, որտեղ գրանցված է «Յուքոմ» ընկերությունը։ Իսկ վերջինս, մամուլում շրջանառվող տեղեկություների համաձայն, պատկանում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին։

Որտեղի՞ց ՊԵԿ նախագահին $3 միլիոն

Կառավարության նիստի ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը կտրուկ հերքեց իրեն խոշոր բիզնեսներ վերագրելու մասին խոսակցությունները, միաժամանակ ընդունեց, որ Ծաղկաձորում անձնական միջոցների հաշվին կառուցված առանձնատուն ունի։

Գագիկ Խաչատրյանը, սակայն, այդպես էլ հստակ պատասխան չկարողացավ տալ լրագրողի այն հարցին, թե ի՞նչ միջոցներով է նա կառուցել առանձնատունը եւ թե որտեղի՞ց է հայտնվել նախորդ տարվա եկամուտների հայտարարագրում նրան պատկանող 3 միլիոն դոլար լրացուցիչ գումարը։

Դրա փոխարեն, նա տեղեկացրեց, որ հարկային մարմինների մի շարք աշխատակիցներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ հենց պետական ծառայությանը զուգահեռ գործարար գործունեությամբ զբաղվելու պատճառով։
«Էն մարդիկ, ովքեր միջամտություն-հովանավորչությամբ են զբաղվում, էլ համակարգում չեն։ Մենք նոր երիտասարդ կադրերով ենք ուզում համալրել ծառայությունը, դրա համար էլ հիմա 71 թափուր տեղ ունենք», ասաց ՊԵԿ նախագահը։