Ումի՞ց է գանձվելու եկամտահարկը
2013թ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով աշխատավարձերի իջեցում չի սպառնում: Այսօր լրագրղների հետ հանդիպմանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեցին Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի վստահեցմամբ՝ վարձու աշխատողի հարկային բեռի ավելացում չի լինի, իսկ եկամուտներն էլ չեն պակասի, ընդհակառակը, ըստ օրենքի, աշխատավարձի բարձրացում է ենթադրվում:
Ըստ նրանց՝ «Եկամտահարկի մասին» օրենքը բազմիցս է քննարկվել թե կառավարությունում, թե Ազգային ժողովում. սա կենսաթոշակային համատեքստում տեղի ունեցող փոփոխություն է: Այս օրենքով այսուհետ եկամտահարկն ու պարտադիր ապահովության վճարները միավորվում են:
Նախարար Գաբրիելյանն ընդգծեց նաեւ, որ այս օրենքով եթե գործատուներից որեւէ մեկը որոշի քիչ աշխատավարձ վճարել, ապա խնդիր կունենա հարկային մարմինների հետ.
«Մեր կարծիքով՝ չկա մի գործատու, որ հարկերը ճիշտ վճարելուց հետո, որոշի աշխատակցին քիչ աշխատավարձ վճարել»:
Իսկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ավելացրեց նաեւ՝ քանի որ աշխատողի աշխատավարձը չպետք է պակասի, դա նշանակում է, որ գործատուն 2013թ. պետք է բարձրացնի աշխատավարձը ու ստանձնի հարկային լրացուցիչ պարտավորություններ. «Գործատուն պարտավոր է վճարել այնքան եկամուտ, որքան 2012թ.: Դա ենթադրում է արդեն աշխատավարձի բաձրացում, որպեսզի եկամտահարկը վճարելով՝ աշխատողին վճարի այնքան, որքան նա մինչ նոր օրենքի ուժի մեջ մտնելը ստանում էր: Ըստ նոր օրենքի՝ գործատուն չի կարող ավելի քիչ աշխատավարձ ցույց տալ, քանի որ դա կարգավորվում է կառավարության որոշմամբ՝ գործատու-վարձու աշխատող փոխհարաբերությամբ»:
Պարոն Ասատրյանը բերեց մեկ օրինակ՝ 100 000 դրամ աշխատավարձի պարագայում, եթե նախկինում վճարվում էր 19 հազար դրամ պարտադիր սոցվճար, իսկ աշխատողի աշխատավարձից էլ պահվում էր 9400 դրամ, ապա այժմ գործատուի պարտավորություններն ավելացել են ընդամենը 750 դրամ լրացուցիչ վճարմամբ:
Այդ գումարն, ըստ նախարարի, նախատեսված է մասնավորապես հարկային հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով ներկայացնելուն:
Այս օրենքով երկու նախարարները վստահեցրին, որ կբացառվի ստվերի առկայությունը եւ կգործի լրիվ հակառակ տրամաբանությունը: