Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ԻՍԿ ԱԿՈՒՄԲԸ...

Սպորտ

Կապանի «Լեռնագործ» ակումբը, որը ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից թիմ է, այս տարի հայտնվել է ֆինանսական ճգնաժամի մեջ, որի արդյունքում թիմի ֆուտբոլիստները նույնիսկ չեն մարզվում. ակումբը չի վճարել առաջնության անդամավճարը: Այս մասին այսօր հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ Ռոբերտ Դալլաքյանը:

Երեւանի «Արարատ» ակումբը որոշել է օգնել «Լեռնագործին» եւ նրա հետ համատեղ պայմանգիր է կնքել, որի համաձայն այս տարվա առաջնության ընթացքում «Արարատի» ֆուտբոլիստները եւ մարզչական կազմը կընգրկվեն «Լեռնագործում»:

Միաժամանակ «Լեռնագործը» կվերանվանվի «Լեռնագործ-Արարատ» անունով: Այս ամենին բացառության կարգով հավանություն է տվել գործադիր կոմիտեն, քանի որ եթե «Լեռնագործը» չմասնակցեր առաջնությանը, ապա խաղացանկը կրկին պետք է վերանայվեր եւ լուրջ փոփոխություններ կրեր, մինչդեռ առաջնությունը մեկնարկում է ապրլի 8-ին:

Իսկ ահա «Արարատ» ակումբը արդեն նոր կազմով հանդես կգա 1-ին խմբում: «Լեռնագործ-Արարատը» իր հանդիպումները անցկացնելու է Ոսկեհատի մարզադաշտում: Ուրախալի է, որ բարձրագույն խմբի եւս մեկ ակումբ լուրջ համալրում ստացավ, ինչը անկասկած ավելի հետքրքիր կդարձնի մեր առաջնությունը: