Բացել լրահոսը Փակել լրահոսը
814629472_122198861072938431_8386032699234785131_n
A A
Պաշտոնական

Երկրի ձևը փոխվում է․ Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Սառույցների արագ հալոցքը փոխում է Երկրի ձևը։ Ըստ երկրաբան Քրիստոֆեր Կոցակիսի՝ մոլորակի բևեռային շրջանները բարձրանում են, իսկ հասարակածային շրջանները՝ իջնում։ Ընդ որում՝ այս գործընթացի արագությունը 20 տարվա ընթացքում կրկնապատկվել է։

Պտույտի հետևանքով Երկիրը բևեռներում փոքր-ինչ սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռուցիկ։ Այժմ այդ ձևը փոփոխվում է նաև Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցային վահանների զանգվածի կորստի ազդեցությամբ։

Սառույցի ծանրությունից ազատվելով՝ բևեռային շրջանների երկրակեղևը բարձրանում է։ Միաժամանակ հալոցքային ջրի վերաբաշխումը դեպի հասարակածային շրջաններ մեծացնում է օվկիանոսի հատակի ծանրաբեռնվածությունը՝ առաջացնելով դրա իջեցում։

Եթե 1990-ականների վերջին բևեռային շրջանների բարձրացման արագությունը տարեկան մոտ 0,5 մմ էր, ապա 2015 թվականին այն հասել էր շուրջ 1 մմ-ի։ Հակասությունը միայն թվացյալ է․ Երկրի պինդ մարմինը դառնում է ավելի գնդաձև, մինչդեռ նրա գրավիտացիոն դաշտով որոշվող ձևը՝ ավելի տափակված։

Սա կարելի է պատկերացնել որպես բատուտ, որի կենտրոնը ծանրությունից ազատվելուց հետո բարձրանում է, իսկ եզրերը՝ դրանց վրա տեղափոխված գնդերի ծանրության տակ իջնում»։