ՍԴ դատավորները պարգեւավճար կստանան
Կառավարության պահուստային ֆոնդից Սահմանադրական դատարանին կհատկացվի 38 մլն 930 հազար 500 դրամ։ Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել Սահմանադրական դատարանի դատավորների հավելավճարների վճարումը:
Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի կարգավիճակին ու պատասխանատվությանը համարժեք վարձատրություն ապահովելու նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով Սահմանադրական դատարանի դատավորներին նախատեսվել է հավելավճար: Մասնավորապես, սահմանվել է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար հետևյալ չափերով՝
- պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով,
- երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով,
- չորրորդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավելի չափով:
Ընդ որում՝ օրենքի անցումային դրույթի ուժով հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:
Նախագիծը մշակվել է Սահմանադրական դատարանի կողմից: