Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները խոստումը պահեցին․ Երկու սերունդ, մեկ բեմ
Աջակցիր «Ա1+»-ինՕրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը գարնանային բացառիկ համերգով տոնեց իր հիմնադրման 26-ամյակը։
Ապրիլի 22-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բեմը վերածվել էր սերունդների միավորման եւ համերաշխության հարթակի․ Օրրանի մանկական եւ տարեցների երգչախմբերը հանդես եկան համատեղ համերգով՝ ներկայացնելով էստրադային եւ ազգային ստեղծագործություններ՝ հայերենով, անգլերենով եւ ֆրանսերենով։
Համերգը նաեւ իրականացրեց Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի կողմից կազմակերպության 25-ամյակի միջոցառման ժամանակ տարեցների երգչախմբի 87-ամյա անդամ Աիդա տատիկին տրված խոստումը՝ վերաբացել երգչախումբը, ինչն այսօր արդեն իրականություն է։
«Տարեցների երգչախումբը հիմնադրվել է 2012 թվականին, սակայն կորոնովիրուսի համավարակի պատճառով 2020 թվականին այն դադարեցրել էր գործունեությունը։ Անցյալ տարի, երբ տոնում էինք Օրրանի հիմադրման 25-ամյակը, մեր Աիդա տատիկը խնդրեց, որ վերաբացենք երգչախումբը, ես ու Րաֆֆին խոստացանք եւ մեր խոստումը պահեցինք, որովհետեւ ունենք ձեզ պես հովանավորներ եւ ընկերներ»,- իր խոսքում նշեց տիկին Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ երգչախումբը շատ է աշխատել, որպեսզի փայլուն երեկո նվիրի հանդիսատեսին։
Ներկաներին ողջունեց նաեւ Օրրանի երկարամյա ընկեր, բարերար Ռալֆ Յիրիկյանը։
«Օրրանը առաքելություն է։ Այն սկսել է իր առաքելությունը 26 տարի առաջ, եւ ես համոզված եմ, որ Օրրանը կշարունակի գործել եւս 26 տարի։ Համոզված եմ, որովհետեւ գիտեմ, որ միշտ լինելու են անհատներ ու կազմակերպություններ, որոնք հավատալու են այսպիսի առաքելությանը։ Երբ կա հույս, լավատեսություն եւ կամք, կյանքը կշարունակվի եւ անպայման կշարունակվի նաեւ Օրրանի գործունեությունը»,- նշեց պարոն Յիրիկյանը։
Օրրանի մանկական երգչախմի ղեկավար Լուսինե Հակոբյանի եւ տարեցների երգչախմբի ղեկավար Սիլվա Կարապետյանի համատեղ ջանքերի շնորհիվ՝ Օրրանի 26-ամյակի երեկոն դարձավ յուրահատուկ երաժշտական կամուրջ՝ կապելով սերունդների տաղանդը, փորձառությունն ու երազանքները։ Երեկոն վարեց Օրրանի հին եւ լավ բարեկամ Արտակ Վարդանյանը։
Համերգին ներկա էին Օրրանի ընկերներն ու բարեկամները, որոնցից շատերն Օրրանի կողքին են եղել հիմնադրման հենց առաջին օրվանից։
Միջոցառումը եւս մեկ անգամ ընդգծեց Օրրանի առաքելությունը՝ ստեղծել արժանապատիվ, հոգատար եւ աջակցող միջավայր կարիքի մեջ հայտնված երեխաների եւ տարեցների, ինչպես նաեւ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար՝ միաժամանակ խթանելով նրանց ստեղծագործական ներուժը։