Նախկին նախարարի գործով 9 կազմակերպություն է ներգրավվել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախկին պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի գործով Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը որոշել է ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ներգրավել:
Դատավոր Ռոբերտ Ավագյանը 9 կազմակերպության՝ «Այվասու» ՍՊԸ-ին, «Չարենցավանի գործիքաշինական գործարան» ԲԲԸ-ին, «Սուվայ» ՍՊԸ-ին, «Կարին-Գեո» ՓԲԸ-ին, «Սփայս Սթիլ» ՓԲԸ-ին, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին, «ՌԱՈՒ» ՍՊԸ-ին, «Վայքգոլդ» ՍՊԸ-ին եւ «Արմինե» Ա/Կ-ին ներգրավել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից դատախազությունը պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր եւ բաժնետոմսեր, 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար, 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, ինչպես նաեւ շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 20-ին: