Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցիալական ցանցերում ձևավորված «իդեալական կյանքը»՝ նոր ճնշում կանանց նկատմամբ

Հասարակություն
IMG_6037

«Որքան էլ տարօրինակ հնչի՝ մարտի 8-ն ինձ համար առանձնապես հատուկ օր չէ, քանի որ դրանում ինչ-որ չափով արհեստականություն եմ տեսնում։ Ուշադրությունն ու հարգանքը հատուկ օրեր չեն պահանջում», - ասում է  Մարքեթինգի ու PR մասնագետ Լիլիթ Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ մարտի 8-ը կարող է խորհրդանշական նշանակություն ունենալ, քանի որ այդ օրն ավելի բարձր է հնչում կանանց իրավունքների թեման, սակայն իրական փոփոխությունները ձևավորվում են ամենօրյա աշխատանքի և վերաբերմունքի արդյունքում։

PR մասնագետը  արձանագրում է, որ վերջին տարիներին Հայաստանում ավելի շատ կանայք են ստանձնում պատասխանատու պաշտոններ։

Նա համոզված է՝ պրոֆեսիոնալիզմը սեռ չի ճանաչում, և հասարակությունն էլ գնալով ընդունում է դա որպես բնական երևույթ։

Միևնույն ժամանակ Լիլիթ Հակոբյանը չի բացառում, որ պահպանվում են որոշ անհավասարություններ, այդ թվում՝ աշխատավարձերի տարբերությունը։

Նրա դիտարկմամբ՝ հասարակության վերաբերմունքը կին արտիստների և կին ղեկավարների նկատմամբ գնալով փոխվում է, սակայն դեռ կան մասնագիտություններ, որոնք կարծրատիպերով վերագրվում են տղամարդկանց, մինչդեռ․․․

«Կամ դու համապատասխանում ես հաստիքին, կամ՝ ոչ։ Կամ որպես արտիստ լավն ես, կամ՝ ոչ։ Սեռն այստեղ կապ չունի», - ընդգծում է նա։

Նրա խոսքով՝ այսօր կանանց առջև դրված է գերազանցության հասնելու մշտական ճնշում, ինչին նպաստում են նաև սոցիալական ցանցերում ձևավորված «իդեալական կյանքի» պատկերները։

Հակոբյանը համոզված է՝ կանանց առաջընթացին ամենից շատ խանգարում են սեփական սահմանափակող մտքերը։

PR մասնագետը կարևորում է նաև հանրային դեմքերի ազդեցությունը՝ նշելով, որ նրանք կարող են փոխել հասարակական վերաբերմունքը կանանց նկատմամբ՝ սեփական օրինակով։

«Երբ նրանք բացահայտ աջակցում են հավասար հնարավորություններին, բարձրացնում են կանանց իրավունքների հարցերը և իրենց օրինակով ցույց են տալիս, որ կանայք կարող են զբաղեցնել պաշտոններ ցանկացած ոլորտում, դա փոխում է հասարակության մտածողությունն ու կարծրատիպերը:

Երիտասարդ աղջիկներին Լիլիթ Հակոբյանը խորհուրդ է տալիս մշտապես զարգացնել հմտությունները, չվախենալ նախաձեռնող լինելուց և ընդունել ձախողումները որպես փորձ։

Իսկ ուժի մասին խոսելիս Հակոբյանն ասում է․ «Ուժեղ դառնում ես տարիների փորձից։ Ես ընտրում եմ ուժեղ լինելը, որպեսզի վերահսկեմ իրավիճակը, այլ ոչ թե թույլ տամ, որ այն ինձ վերահսկի»։