Հայաստանը խաղաղության կղզյակ է եռացող տարածաշրջանում․ Եղոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եռացող տարածաշրջանում» Հայաստանը հանդես է գալիս որպես խաղաղության կղզյակ․ ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ ԱԺ ճեպազրույցի ընթացքում նա անդրադարձավ տարածաշրջանային անվտանգային իրավիճակին՝ նշելով, որ Հայաստանը ներկայումս համեմատաբար կայուն դիրք ունի։
Եղոյանը շեշտեց, որ Հայաստանի հավասարակշռված հարաբերությունները հարևան երկրների հետ մեծապես նպաստել են այդ իրավիճակին։
Նրա խոսքով՝ մինչ այժմ իրականացված հաշվարկներն ու քայլերը, ինչպես նաև հաստատված հարաբերությունները ցույց են տալիս, որ ձևավորվող հնարավոր դասավորվածությունների մեջ Հայաստանը ստանում է հնարավոր լավագույն արդյունքը։
Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին, որոնց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ունենալ պարզ մեծամասնությունից ավելի բարձր արդյունք, Եղոյանը նշեց, որ դա դեռ ամբողջ պատկերը չէ, քանի որ կուսակցության քարոզարշավը դեռ չի սկսվել։
Նա հիշեցրեց, որ նախկինում հաճախ հնչում էին գնահատականներ, թե կուսակցության վարկանիշը կտրուկ նվազել է, սակայն հրապարակված հարցումները այլ պատկեր են ցույց տալիս, և առաջարկեց նախ գնահատել այդ փաստը, ապա անցնել այլ քննադատություններին։
Եղոյանի խոսքով՝ իշխանությունը գնում է ընտրությունների՝ սահմանադրական մեծամասնություն ստանալու նպատակով, քանի որ պետության առջև բացված հեռանկարների իրականացումը, ըստ նրա, պահանջում է քաղաքացիների ամուր քվեն։ «Մենք հայցելու ենք այդ ամուր քվեն, որպեսզի հնարավորություն ունենանք պաշտպանել արդեն հաստատված խաղաղությունը»,– ասաց նա՝ հավելելով, որ այժմ նպատակն այդ խաղաղությունը անդառնալի դարձնելն է։
Պատգամավորը նաև արձագանքեց այն մեղադրանքներին, թե իշխանությունը փորձել է ազդել սոցիալական ցանցերի կամ սոցիոլոգիական հարցումների վրա։ Նրա խոսքով՝ նախկինում իշխանությանը մեղադրում էին, թե ազդեցություն է ունեցել սոցիալական ցանցերի վրա, իսկ այժմ էլ պնդում են, թե իշխանությունը սրբագրել է IRI կազմակերպության հարցումների արդյունքները։
«Քանի կար՝ ասում էին, որ մենք ազդել ենք ֆեյսբուքի վրա, որ ընդդիմադիրների էջերը փակվեն, հիմա էլ ասում են՝ IRI-ի հարցումներն ենք սրբագրել։ Ի՞նչ եք մտածում՝ դա մենք ոնց պետք է անեինք»,– ասաց Եղոյանը։
Նա շեշտեց, որ նման պնդումներն անհիմն են և նշեց, որ այդ կազմակերպությունը համարվում է ամենավստահելի արդյունքներ տրամադրողներից մեկը՝ կոչ անելով չվիրավորել կազմակերպությանը կասկածներով։
Նա անդրադարձավ նաև ընդդիմության հնչեցրած «Գյումրի 2» ձևակերպմանը՝ նշելով, որ նման սցենարը, ըստ իրեն, նշանակում է ևս մեկ անգամ խաբել Հայաստանի քաղաքացիներին։ Եղոյանի կարծիքով՝ քաղաքական ուժերը պետք է հստակ ներկայացնեն, թե իրենց հաղթանակի դեպքում ով է լինելու վարչապետի թեկնածուն։
«Յուրաքանչյուր քաղաքացի, իր ձայնը որևէ ուժի տալուց առաջ, պետք է ինքն իրեն հարց տա՝ ես այս ուժին ընտրելով ում եմ ընտրում Հայաստանի վարչապետ»,– եզրափակեց նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և հնարավոր ռիսկերի հետ կապված երեկ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ։ Նրա խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել և հասցեագրվել են բոլոր հնարավոր վտանգները։
Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունները հետևում են իրավիճակին, և Հայաստանի սահմաններին առնչվող բոլոր ռիսկերն ուշադրության կենտրոնում են։ Նա ընդգծեց, որ այս պահին որևէ ռիսկ չկա Հայաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված։
Պատգամավորը անդրադարձավ նաև ընտրությունների վերաբերյալ հրապարակվող սոցիոլոգիական հարցումներին։ Նա նշեց, որ իշխանությունը հետևում է բոլոր հարցումներին, և ընդհանուր պատկերը իրենց համար քիչ թե շատ կանխատեսելի է, սակայն դրանց իրական պատկերը պարզ կդառնա միայն ընտրությունների օրը՝ հունիսի 8-ի առավոտյան։