Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000107421
A A
Մշակույթ

«Մայրիկ» ֆիլմը ինձ դարձրեց հայ․ Արամո Ունանյան

 «Ծնվել եմ Մոսկվայում, մինչև 14 տարեկանը Հայաստանում չեմ եղել։ Իմ արմատների մասին գիտակցեցի, երբ «Մայրիկ» ֆիլմը դիտեցի։ Այդ ֆիլմը իմ բոլոր հարցերի ու պատկերացումների վերաբերյալ պատասխանը տվեց՝ ինչ է հայրենիքը, ընկերությունը, սերը։ Այդ ֆիլմը ինձ դարձրեց հայ։ Ես վերգտա իմ արմատները։ Մեր տոհմի պատմությունը գալիս է Վանից, 1690 թվականից, Քոչանի գյուղից, որը մերոնք են հիմնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է  «Մտքարան» նախաձեռնության հիմնադիր Արամո Ունանյանը։

 

Ինչու՞ եմ պապիկների հետ ժամերով խոսում

«Մեր հայ իրականության մեջ պետք էին օնլայն կրթական հարթակներ։ Այն, ինչ կար, իմ կարծիքով, ցավոք չէր համապատասխանում այն նպատակների լուծմանը, որը ես տեսնում էի։ Սփյուռք‑Հայաստան կապի կարևորությունը, նաև մարզերի կյանքը լուսաբանելը։ Հիմա մեր հարթակում խոսում ենք և մեր պատմութ յան ու մշակույթի, և հայկական հետքի մասին, ճամփորդում ենք  Հայաստանի գյուղերով, խոսում մարդկանց հետ, ապրում մարդկանց հետ իրենց խնդիրներով, նաև այն հաջողությամբ ու երջանկությամբ, որ նրանք ունեն։

Ինձ շատերն են հարցնում, թե ինչու՞ ես պապիկների հետ ժամերով խոսում։ Որովհետև, ասում եմ, ինձ հետաքրքիր է, օրինակ քանի կով ունեն, ինչու են նրանց երեխեքը խոպան գնում։ Դրա համար մեկ օրում չեմ կարող մի քանի գյուղ գնալ։ Մեկ օրում կարող եմ միայն մեկ գյուղում կանգառ ունենալ։ Նրանց հետ «դուրս ու ներս» եմ անում, բարեկամանում եմ, և դա ինձ համար շատ կարևոր է։ Սա ինձ պետք է ոչ թե կապիտալիզացնելու համար, իբրև քաղաքական դիվիդենտ, այլ որ Հայաստանն ինձ համար սկսվում է սահմանամերձ գյուղից։

Մենք փորձում ենք այդ արժեքներով «վարակել» մյուսներին։ Վերջերս Հնդկաստանում էի։ Հայերին, որ ես Կալկաթայում  եմ հանդիպել, որևէ տեղ չեմ տեսել։ Երազել կարելի է։ Լավագույն համայնքն է իր արժեհամակարգով, կրթությամբ։

Այդ հռհռոցով կորցրեցինք ամեն ինչ

Ինձ ու եղբորս ասում էին, որ անիմաստ ձեռնարկ է, չի գործի Հայաստանում, կրթական ծրագիրը անգամ 10 000 հետևորդ դժվար ունենա։ Ասում էին, մարդիկ քաղաքական տեսանյութեր են նայում, կամ հումորային։ Հումոր արա։ Ասում էի, ես օգուտ եմ ուզում տալ, բովանդակություն, ոչ թե հռհռոց։ Այդ հռհռոցով կորցրեցինք ամեն ինչ։  Կա բովանդակություն և մենք գնում ենք այդ բովանդակության հետևից և ուզում ենք, որ Հայաստանում խոսույթը բարձրանա նոր մակարդակ, որ , օրինակ եկեղեցուց խոսելիս, չխոսեն մոմերի վաճառքի մասին, այլ Նարեկացուց խոսեն։ Փորձենք հետաքրքիր վերլուծություններ անել, քննարկել, բանավիճել։ Պետք է այդ մշակույթը բերել։

Այսօր «Մտքարան ակադեմիայի» բոլոր հարթակները որ միացնենք՝ 500 000-ից ավելի հետևորդ կլինի։ Միգուցե անհամեստ կթվա, բայց սա մեր հաղթանակի ցուցիչն է։ Վստահ եմ, մեր ժողովուրդը ձգտում է դեպի գիտելիք: Յուրաքանչյուր նյութի անդրադառնալիս, մենք հետազոտություններ ենք անում արխիվներում, ուսումնասիրում ու ստուգում ենք, մասնագետների հետ խորհրդակցում և նոր միայն մեզ իրավունք ենք վերապահում  խոսել։ Ես խորհուրդ եմ տալիս երիտասարդներին չգնալ այնպիսի թեմաների հետևից, որը կարող է և «լայքեր» բերել, բայց․․․ կարևոր սկզբունքը՝ չվնասելն է։