ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Ղազինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը հայտարարում է, որ ՀԷՑ ՓԲԸ-ի շուրջ ընթացող գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի և «քաղաքական հաշվեհարդարի խնդիր է՝ մեկ անձի քմահաճույքի շրջանակում»։
«Հիշում եք ՀԷՑ ՓԲԸ-ի թեման։ Բազմաթիվ անգամ ասել ենք, որ հարցն ունի քաղաքական կոնտեքստ»,– այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Ղազինյանը։
Նս նշեց, որ «փոքրիկ խմբակի շատ ներկայացուցիչներ իրար հերթ չտալով զրպարտիչ տեսանյութեր են հրապարակում՝ կապված փոխառությունների, վարկերի, տոկոսների մասին»։
Նա հիշեցրեց, որ բազմիցս դիմել են ՀԾԿՀ նախագահին՝ «ներկայացնելու ճշմարտությունը»։
«Նաև մեղադրել էի, թե ինչու չեն զանգում, հարցնում՝ որը որից հետո է, և ունեի կասկած, որ մեր ժողովրդին խաբում են»,– ասաց Ղազինյանը ։
Ըստ նրա այժմ ՀԾԿՀ նախագահը ընդունել է, որ ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը, և դա կապ չունի այն գումարի հետ, որ վճարում են հոսանքի համար։
«Հիմա քաղաքական թիմի ներկայացուցիչները խիզախություն կունենա՞ն ասել, որ ժողովրդին խաբում են»,– հարցադրում արեց նա։
Ղազինյանը խոսեց նաև իր թիմի մասին և հայտարարեց. «Հավաստիացնում եմ՝ «Ուժեղ Հայաստանում» արդեն չի լինելու նման պաշտոնյա, որը ուղղակի կամ թյուրիմացաբար կստի, մի բան էլ կասի՝ քաղաքական անձ եմ, դրա համար եմ ստում»։
Անդրադառնալով «Վեոլիա ջրի» իրավիճակին՝ նա նշեց, որ 6 ամիս անց իշխանությունները փաստացի հայտարարեցին՝ ցանցը լավ վիճակում չէ, կան նոր բաժանորդներ, իսկ կառավարությունը իր պարտականությունները չի կատարել։
Ղազինյանը շեշտեց՝ եթե ցանցի սեփականատերը կառավարությունն է, ապա ներդրումների բացակայության պատասխանատվությունն էլ է կառավարության վրա։
Նա երկու հարց ձևակերպեց․ ո՞վ է ասել, որ ՀԷՑ-ը վերցվել է ավելի լավ վիճակում, և եթե «Վեոլիա ջրի» դեպքում կառավարությունը չի կարողացել իր պարտականությունները կատարել, ինչո՞ւ պետք է վստահել, որ ՀԷՑ-ի կառավարման դեպքում կկարողանա։
Նա պնդեց, որ շուրջ յոթ ամիս հայտարարում են, թե իրավիճակը «կրիտիկական» է, սակայն «կարգավորող մարմինը անգամ տեղյակ չի եղել, թե քանի բաժանորդ է հոսանքազրկվել Էրեբունու վթարի ժամանակ»։
Ղազինյանի խոսքով՝ չեն ցանկանում հայտարարել նաև այն մասին, որ վթարի կարգավորման համար անհրաժեշտ սարքավորումները տրամադրվել են «Տաշիր» ընկերության կողմից՝ «պարոն Կարապետյանի համաձայնությամբ»։
Նա հավելեց, որ կարգավորող մարմինը չի բացառում անբարեխիղճ աշխատակիցների կողմից հավելագրումների հնարավորությունը։
«Նո՞ր են հասկացել, որ կան, թե՞ այն ժամանակ էլ գիտեին, բայց չունեին խիզախություն հայտարարելու»,– ասաց նա։
Ղազինյանի խոսքով՝ իրենց կառավարման ժամանակ բողոքների պատճառը խնդիրներն էին, իսկ հիմա «քաղաքացու օրենք չիմանալն է» ներկայացվում որպես պատճառ, ինչը նա որակեց վիրավորական.
«Մարդուն հարցնում են՝ Ձեր կողմից նշանակված կառավարիչը սենց բան է անում, ասում է՝ դե իրեն պետք է հարցնեք։ Ես որ ասում էի՝ չի կարող կառավարել իր նշանակած կառավարչին, չի տիրապետում իրավիճակին, նեղանում էին»։
Ղազինյանն անդրադարձավ նաև ՀԷՑ-ի կողմից ներկայացված հայցերին՝ նշելով, որ «ՀԷՑ-ի անունից հայցեր են տրվում, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը գնում է, հայցերը հետ վերցնում»։
Անդրադառնալով կուտակային կայանների համակարգին՝ Ղազինյանը ներկայացրեց իրենց ուսումնասիրությունը, ըստ որի արդյունքում արևային կայան տեղադրելու արժեքը կարող է գրեթե կրկնապատկվել։
Նա նաև հիշեցրեց, որ 8 տարի է՝ չի ավարտվում Հայաստան–Իրան 400 կիլովոլտ հզորությամբ գծի կառուցումը։
Մոդուլային ատոմակայանի մասով նա նշեց, որ ԱՄՆ-ում 2023-ին տրվել է առաջին լիցենզիան, սակայն շինարարությունը կանգնեցվել է՝ քանի որ իրականում նախագիծն ավելի թանկ էր, քան մինչ սկսելը։
Նրա խոսքով՝ անգամ այդ երկրում չկա գործող օրինակ, որի վրա հնարավոր լինի հենվել։
«Այսինքն՝ մենք չենք ասում՝ վատ բան եք անում, մենք ասում ենք՝ սխալ է, քանի որ նույնիսկ այդ երկրում չկա օրինակ, որ գնաս նայես՝ ինչպես է աշխատում» Ղազինյանը ներկայացրեց նաև ինքնարժեքի հաշվարկ՝ 60-80 դրամ։ «Այդ դեպքում կամ դա չի աշխատի, կամ պետք է սակագինը թանկացնել, կամ պետք է սուբսիդավորվի պետությունից»,– նշեց նա։
Ղազինյանը հավելեց, որ մինչ այժմ ոչ ոք չի պարզաբանել, թե որն է մոդուլային ատոմակայանի կառուցման համար նախատեսված «13 միլիարդ այլ ֆինանսական եկամուտը»։
«Մենք ունենք հիմնավոր կասկած որ մինչ ընտրությունները ամեն ինչ արել են, որ սակագինը չթանկանա։ Բայց ես վստահեցնում եմ, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը բարձրանալու է», - պնդեց Դավիթ Ղազինյանը։