ՀՌՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը
Աջակցիր «Ա1+»-ինՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 11-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝
1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
2. «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
3. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:
4. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը սահմանելու մասին» հարցի վերաբերյալ։
5. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցի վերաբերյալ։
Հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ։
Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական ինտերնետային կայքերում:
Այնուհետև Հանձնաժողովը բավարարեց «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտը, ինչպես նաև հաստատեց «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ-ի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումները:
Հաջորդիվ Հանձնաժողովը որոշեց սահմանել ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը.
1) հանրային տեսալսողական հեռարձակողի`
ա․ «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրի համար 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
բ․ «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի համար 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։
2) հանրային լսողական հեռարձակողի համար 1.800 (մեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։
Վերջին հարցով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատեց «ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը»։
Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։