Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Ինչ եղավ, երբ նա չվերադարձավ 20 րոպեից. Հայաստան-1996․ Զուգահեռներ (տեսանյութ)

«Ա1+»-ը սկսում է նոր «Ընտրական զուգահեռներ» շարք, որտեղ համառոտ ու փաստերով ներկայացնում ենք՝ ինչպես են ընթացել համապետական ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած 1990-ականներից մինչև մեր օրերը։

Մենք բացելու ենք արխիվները, հիշեցնելու անցյալի դրվագները, ու փորձելու հասկանալ՝ ինչ են պատմում դրանք այսօրվա մասին։

Այս շարքը հակիրճ ուղեցույց է անցումային Հայաստանի ընտրական անցյալով՝ առանց մեկնաբանության, առանց չափազանցությունների, միայն փաստերով։

 

--------------------

1996թ սեպտեմբերի 22-ին քվեարկությունը չավարտված՝ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, շամպայնի գավաթը ձեռքին, հայտնվեց հեռուստաէկրանին, շնորհակալություն հայտնեց ու շնորհավորեց իր թիմին հաղթանակի առթիվ։

Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել էր 51, Վազգեն Մանուկյանը՝ 41 տոկոս։ 1996 թվականի սեպտեմբերի 22-ի ընտրության պաշտոնական արդյունքներով Տեր-Պետրոսյանը վերընտրվեց ՀՀ նախագահ։ Ընդդիմությունը արդյունքները չընդունեց ու վիճարկեց։ 1996-ի ընտրական խախտումների մասին բազում ահազանգում էին թե՛ պարտված թեկնածուները, թե՛ միջազգային դիտորդները։ 1996-ի քվեարկության հաջորդած իրադարձությունները բուռն էին։

Սեպտեմբերի 23-ից մեկնարկեց ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով բողոքի ալիքը։ Ազատության հրապարակում հավաքվել էր 200 հազար մարդ։ Մի քանի օր անընդմեջ բողոքի ակցիաներից հետո սեպտեմբերի 25-ին Վազգեն Մանուկյանն իր կողմնակիցներին երթով առաջնորդեց Բաղրամյան պողոտա։

Հավաքը շարունակվեց Աժ շենքի մոտ, որտեղ այդ ժամանակ էր տեղակայված նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հանրահավաքի ամենաթեժ պահին հայտարարվեց, որ ընդդիմության մի քանի ներկայացուցիչ մտնում է ԿԸՀ՝ տեղեկանալու դիմումի ընթացքից։ Մանուկյանը մինչև ԱԺ տարածք մտնելը դիմեց ցուցարարներին․ Եթե 20-30 րոպեից մենք հետ չգանք, եկեք մեր հետևից։ 

Ու քանի որ նա չվերադարձավ ո՛չ 20, ո՛չ 30 րոպե անց, ցուցարարաները կոտրեցին խորհրդարանի ցանկապատը, ներխուժեցին տարածք, դաժան ծեծի ենթարկեցին Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանին ու փոխնախագահ Արա Սահակյանին։

Իշխանությունը ուժ կիրառեց։ Բարեբախտաբար, չկային զոհեր ու վիրավորներ։ Սեպտեմբերի 26-ին կոշտ քայլերի դիմելու հերթն իշխանությանն էր։

Աժ նիստը պետք է համաձայնություն տար մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելուն։ Որոշ պատգամավորներ խորհրդարան բերվեցին ձեռնաշղթաներով։ Կառավարող ուժի անդամները հարձակվեցին ու հարվածներ հասցրեցին շղթայված պատգամավորներ Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին։ Խորհրդարանական մեծամասնությունը ծեծի ենթարկեց ելույթ ունենալու փորձ անող Պարույր Հայրիկյանին ու Շավարշ Քոչարյանին։ Խուզարկություններ սկսվեցին ԱԺՄ-ի և ԱԻՄ-ի գրասենյակներում, առգրավվեց տեխնիկա, ոչնչացվեցին նյութեր, մի խումբ գործիչներ անցան ընդհատակ։ Ուժային գերատեսչությունների ղեկավարները՝ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և Վանո Սիրադեղյանը պետական հեռուստատեսությամբ հանդես եկան հայտարարությամբ տեղի ունեցածը համարելով պետական հեղաշրջման փորձ։

«Այս դեպքերից հետո, եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոս ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարների չեն ընդունելու և չեն ընդունել»,- հայտարարեց Վազգեն Սարգսյանը: Երևանի կետրոնում տանկեր հայտնվեցին, նախագահի հրամանագրով ժամանակավորապես սահմանափակվեց հավաքների ազատությունը։ Նման իրավիճակում Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը, սակայն, այս անգամ նրան վիճակված չէր պարտականությունները կատարել մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը։

Նա հրաժարական տվեց 1998-ի փետրվարի 3-ին։ Հրաժարական պարտադրողները 96-ի ընտրություններում նրա հենարաններից Սերժ Սարգսյանն էր, Վազգեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Բաբայանը։