Ընդդիմությունը չի հասկանում, որ միավորման տարբեր ֆորմատներ կան․ Ա․Սեդրակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ներկա իրավիճակում Հայաստանի քաղաքական դաշտում, ընտրական դաշտում հնարավոր բոլոր աշխարհաքաղաքական, տեկտոնիկ համատեքստում անսպասելի փոփոխությունները կարող են լինել միայն արտաքին ուժերի միջամտությամբ։ Ներքին դասավորությամբ ես չեմ տեսնում որևէ հիմք մտածելու, որ առաջիկա ընտրություններին այս իշխանությունը չի վերարտադրվի մի պարզ պատճառով՝ նախ ընդդիմության կոնսոլիդացիան չի կայանում։ Եվ դա ակնհայտ է։ Հետո՝ ընդդիմությունն առաջ չի քաշում այն օրակարգը, որն առաջ է քաշում Նիկոլ Փաշինյանը։ Եվ խոսքն այս դեպքում խաղաղության մասին չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը խոսելով հնարավոր նախընտրական զարգացումների մասին։
Քաղաքագետը մտածում է, որ ընդդիմությունը չի հասկանում, որ գոյություն ունեն միավորման տարբեր ձևաչափեր։ Օրինակ՝ մի տարի անցումային կառավարություն կազմելու ձևաչափը։ Կարելի է հենց այդ գաղափարի շուրջ նախընտրական համագործակցություն կառուցել։ Եվ պնդում է, որ քաղաքական դաշտից պետք է հեռանան նախկին նախագահները, հակառակ պարագայում նրանք իրենց գործունեությամբ սպասարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգը։
Այնուամենայնիվ, Անուշ Սեդրակյանը կարծում է, որ Հայաստանում կամ Հայաստանի շուրջ փոփոխություն կարող է լինել նաև աշխարհաքաղաքական գործընթացների շրջանակում։ Երբ, օրինակ, այդ հարցում համաձայնություն կգան ԱՄՆ-ը և ՌԴ-ն։ «Դա կարող է լինել Ռուսաստան-Ամերիկա նոր պայմանավորվածությունների համատեքստում։ Իսկ դա շատ հնարավոր է։ Այդ երկու դիկտատորներ՝ Պուտինն ու Թրամփը, իրար մեջ քիմիա ունեն»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։