ՌԴ դիվանագետներն այցելում են Կարապետյանին՝ վերջին անգամ դեկտեմբերին են տեսակցել
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ռուսական կողմը մշտապես բարձրացնում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցը Հայաստանի պաշտոնյաների հետ շփումների ժամանակ։ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն ասել է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները նրան տեսակցելու հնարավորություն ունեն։
«Երևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով ապահովել ենք նրա հյուպատոսական հասանելիությունը։ Մեր դիվանագետների վերջին այցելությունը կայացել է դեկտեմբերի սկզբին։
Ստանում ենք Կարապետյանի առողջության վերաբերյալ ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում՝ փաստաբանների և հարազատների միջոցով։ Նա հայտնում է բավարար առողջական վիճակի մասին, լավատես է և մարտական տրամադրվածություն ունի», – ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կալուգինը նշել է, որ ՀՀ պաշտոնյաների հետ շփումներում մշտապես ասում են, որ Կարապետյանը արդեն կես տարի կալանքի տակ է առանց դատարանի որոշման։
Նշվում է, որ Կարապետյանը երկար տարիներ մեծ ֆինանսական ներդրումներ է կատարել Հայաստանի զարգացման մեջ։ Նրա «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գործունեության առանցքային ուղղությունները ներառում են պատմական ժառանգության պահպանումն ու վերակառուցումը, սրբավայրերի վերանորոգումը, առողջապահության ու բժշկության ոլորտների զարգացումը։