Ես վստահ եմ, որ Քոչարյանի թիմը 12 այլ դեմքերով էլ կմասնակցեն․ Ա․Ավանեսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մարդիկ տեսնում են, որ այս տարիներին վերականգնվել է իրենց՝ քաղաքացի լինելու արժանապատվությունը, և իրենց կյանքն է փոխվել։ Ռոբերտ Քոչարյանը թող այդ երազանքներով տարված՝ գնա։ Ինչ արած, մարդն իրականությունից կտրվել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նախկին նախագահի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը ռեսուրս չունի։
Նախկին նախագահը նաև ասել էր, թե ինքը պլան Բ չունի, և 2026թ․ համապետական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է վերընտրվի։ Նախարարը հակադարձում է, թե անցած տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ մի կուսակցություն ստեղծել և անընդհատ տարբեր ուժերի՝ այդ թվում նաև «Դաշնակցություն» կուսակցության միջոցով է հանդես գալիս։ «Ես վստահ եմ, որ ընտրություններին 12 այլ դեմքերով էլ կմասնակցեն։ Հանրության մեջ քիչ, թե շատ ճանաչում ունեցող մարդկանց էլ կընդգրկեն իրենց միավորի մեջ, բայց դա էլ չարչրկված մեթոդ է։ Մենք գիտենք, թե Քոչարյանի դեմքն ինչ էմոցիաներ է արթնացնում մեր հանրության մեջ»,- հավելեց նա։
Խոսելով արդեն 2026թ․ հունվարից ներդրվող համընդհանուր բժշկական ապահովագրության մասին՝ ասաց, որ առաջին փուլում համակարգ է ընդգրկվելու մոտ 1,5 մլն մարդ՝ մինչև 18 տարեկան անչափահասները, 65 տարեկանից բարձր թոշակառուները, հաշմանդամության կարգ ունեցողները, 200 հազարից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներն ու մի քանի այլ խմբեր։ Բացի վերջին խումբ մարդկանցից մյուսների առողջապահական ապահովագրության բեռը պետությունն իր վրա է վերցնելու։ Իսկ համակարգն ամբողջությամբ կգործի 2029թ․։
2026թ․ ապահովագրական համակարգում ընդգրկված քաղաքացիները առողջական խնդիրների դեպքում նախ պետք է դիմեն իրենց գրանցման պոլիկլինիկա։ Բժշկի զննությունից հետո անհրաժեշտության դեպքում նոր հիվանդանոց դիմելու ուղեգիր կստանան։ Այս պարագայում արդեն մարդիկ կարող են ընտրել իրենց ցանկալի հիվանդանոցը կամ բժշկին։ Նախարարը նաև հավելեց, թե պետության կողմից ոչ բոլոր բուժծառայությունները կֆինանսավորվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։