Արսեն Ղազարյան․ «Տնտեսությունն առաջ մղելու համար պետք է փոխել կառուցվածքը»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Համաշխարհային բանկի «Հայաստան․ երկրի տնտեսական նորություններ» զեկույցի ներկայացման ընթացքում, նշել է, որ թեև մրցակցային դաշտում վերջին տարիներին արմատական փոփոխություններ են եղել, սակայն մի շարք խնդիրներ դեռ պահպանվում են։ Կան գերակա դիրք ունեցող ընկերություններ, որոնք տարիների պատմական ժառանգություն են, և դրանց հետ մրցակցելն այսօր բավականին դժվար է։ Այդ պատճառով, ըստ Ղազարյանի, մեծանում է պետության և մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դերը՝ հավասարակշռություն ապահովելու համար։
Մրցակցային խնդիրները երեւում են տարբեր ոլորտներում՝ մեծածախ և մանրածախ առևտրից մինչև արտադրություն։ Ղազարյանը կարևորել է հակամրցակցային վարքագծի և գերակա դիրքի չարաշահման հստակ չափորոշիչների ձևավորումը՝ նշելով, որ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի իրականությանը։
Նա անդրադարձել է նաև օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում պատասխանատվության քրեականացումը մտցվեց տնտեսական խախտումների համար․ իր խոսքով՝ ֆինանսական պատասխանատվությունը բավական է, իսկ քրեականացումը հաճախ հանգեցնում է բացասական հետևանքների թե՛ գործարարների, թե՛ ղեկավարների համար։
Արձանագրելով, որ Հայաստանում դեռ չի հաջողվում փոխել տնտեսության կառուցվածքը և իրական դիվերսիֆիկացիա ապահովել, Արսեն Ղազարյանը ընդգծել է, որ տնտեսությունն արմատապես առաջ մղելու միակ ճանապարհը պետություն–մասնավոր հատված նոր մակարդակի համագործակցությունն է։ Չնայած գործարար հանրությունը ունի կառավարության հետ համագործակցության արդյունավետ հարթակներ, սակայն, ըստ նրա, ակնկալվում է ավելի խորքային ներգրավվածություն՝ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համար։
Ղազարյանը նկատեց, որ երկրի խոշոր հարկատուները՝ առաջին տասնյակը, ապահովում են հարկերի 70–80%-ը, և նման կենտրոնացված համակարգում բարձր գործազրկությունը զարմանալի չէ։ Նա ընդգծեց՝ Հայաստանին պետք են մեծ ներդրումներ նոր աշխատատեղերի համար, հատկապես վերամշակող արդյունաբերությունում, քանի որ առևտրի և ծառայությունների ոլորտները արդեն գերհագեցած են։ Միաժամանակ զգուշացրեց շինարարության «փուչիկի» կրկնվելու վտանգի մասին։
Ամփոփելով՝ Արսեն Ղազարյանը նշեց, որ եթե պետությունը կարողացել է կրճատել համակարգային կոռուպցիան և զսպել գերակա դիրք ունեցողներին, ապա խնդիրները դեռ առկա են։ Փոխանակման ու արդիականացման կարիքը մեծ է, իսկ արդյունավետ լուծումների համար անհրաժեշտ է ջանքերի համադրում և խորքային վերլուծություններ։