Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

ՎԶԵԲ-ը Ամերիաբանկի հետ կնքել է ամենախոշոր գործարքը․150մլն եվրո՝ կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համար (տեսանյութ)

  • Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։
  • Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում երբևէ իրականացված ամենախոշոր գործարքն է:
  • Ֆինանսավորումը կուղղվի ՄՓՄՁ-ների աջակցմանը և կընդլայնի միջոցների հասանելիությունը Հայաստանի մարզերում:
  • Ֆինանսավորումն ընդգրկում է կանաչ ֆինանսավորման զգալի բաղադրիչ:
  • Կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները կխթանեն ներառականությունը, կանաչ ներդրումները և գենդերային հավասարությունը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի` Ամերիաբանկի համար: Վարկը, որը տրամադրվում է երկու փուլով՝ 100 միլիոն եվրո և ևս 50 միլիոն եվրո տրանշերով, Ամերիաբանկին հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ հատկապես ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։

Այս նախաձեռնությունը նաև կաջակցի Հայաստանի` կանաչ տնտեսության անցմանը, քանի որ Ամերիաբանկը հանձնառու է միջոցների առնվազն 40 տոկոսն ուղղել կանաչ ներդրումներին՝ բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի արտադրությունը։

Գործարքը համահունչ է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար որդեգրած ռազմավարությանը, ֆինանսական ոլորտի ռազմավարությանը, ինչպես նաև կանաչ տնտեսության անցման մոտեցմանը և գենդերային հավասարության խթանման ռազմավարությանը։ Ամերիաբանկի առաջատար դիրքը թվային փոխակերպման, մարզային ներկայացվածության և ներառական ֆինանսավորման առումներով այն ​​դարձնում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից։

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է: Իր թվային լուծումների և մեծ քաղաքներում ու երկրի ամենախիտ բնակեցված շրջաններում գտնվող 26 մասնաճյուղերի շնորհիվ Ամերիաբանկը հնարավորություն ունի ֆինանսավորել մասնավոր հատվածի ընկերությունների լայն շրջանակ։

1992 թ. Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 2.6 միլիարդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 232 նախագծերում, ընդ որում` ֆինանսավորման 83 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը։