Ղազինյանի ճեպազրույցը նիստից առաջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հերքել է ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությունը, թե նախկինում ՀԷՑ-ում տրվել են տասնյակ միլիոնավոր դրամների պարգևավճարներ։
Նոյեմբերի 13–ի ճեպազրույցի ժամանակ Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ ինքը և իր թիմը կամավոր կերպով հրաժարվել են պարգևավճարներից, որոնց չափը կազմել է տասնյակ միլիոնավոր դրամներ։
Ղազինյանը հակադարձել է՝ ընդգծելով, որ ՀԷՑ-ում տնօրենների խորհրդի պարգևատրումները չեն ներառվում էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում։ Նրա խոսքով, այդ վճարումները տրամադրվում են «Տաշիր» խմբի կողմից՝ սեփական միջոցներից։
«Տնօրենների խորհրդի աշխատավարձն ու պարգևատրումները չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Այսինքն՝ Սամվել Կարապետյանն իր գրպանից իր ներկայացուցիչներին տալիս է գումար այնքան, ինչքան գնահատում է։ Թող ասի՝ գլխավոր տնօրենից մինչև ներքև ո՞վ է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Մի դեպք է եղել, որ ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո ազատման դիմում է գրել, և ընկերությունը, գնահատելով նրա 10 տարվա աշխատանքը, որոշակի պարգևատրում է տվել որպես գնացող մարդ», – նշել է Ղազինյանը։
Անդրադառնալով ենթադրյալ խախտումներին՝ նա հիշեցրել է, որ ՀԷՑ-ը միշտ գործել է որպես աշխատող և զարգացող համակարգ, և որևէ կառույց ամբողջությամբ զերծ չէ խնդիրներից։
Նրա խոսքով, ընթացիկ վարչական վարույթում ներառված են այն ստուգումները, որոնք իր պաշտոնավարման օրոք իրականացվել են բյուջետային հիմնարկներում՝ նշելով, որ դրանց ամսաթվերը՝ ապրիլ և մայիս, հստակ փաստում են այդ տվյալների առաջացման ժամանակահատվածը։
«Այսինքն՝ պետք է այդ հավելումների դեմ ճիշտ պայքարելու քաղաքականություն լինի, եթե չենք պայքարում, ապա խնդիր է։ Իրենք կառավարում են մեր ձևով», – հավելել է Ղազինյանը։
Նա նաև հայտարարել է, որ պատրաստվում է հրապարակել կոնկրետ փաստ, ըստ որի՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնավարման ընթացքում թաքցվել է հավելագրման լուրջ դեպք։
Ղազինյանը շեշտել է, որ նման խախտումներն առավել մտահոգիչ են՝ հաշվի առնելով, որ այս փուլում կառավարիչը գործում է ավելի լայն լիազորություններով։