Մոնոդրամա՝ Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին
Աջակցիր «Ա1+»-ինՌեժիսոր Արթուր Սահակյանի «Էլվինա Մակարյան․ Չկայացած համերգ» մոնոդրաման նվիրված է հայկական ջազի թագուհի Էլվինա Մակարյանի 75-ամյակին։
Ներկայացման պրեմիերան կայացել է երգչուհու ծննդյան օրը՝ օգոստոսի 16-ին, և մինչ օրս ներկայացվում է Երգի պետական թատրոնի բեմում։
Ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանի խոսքով՝ Էլվինայի կերպարով հետաքրքրված են նաև երիտասարդները. «Նրանք գալիս են Էլվինայի երգերը լսելու, բայց բացահայտում են մի բարդ, խորքային ու էպոտաժային կնոջ։ Ներկայացումը նաև հզոր մեսիջ է մեր հասարակությանը․ մենք հաճախ չենք գնահատում մեր տաղանդավոր մարդկանց նրանց կյանքի օրոք։ Ցավոք, գնահատանքը գալիս է այն ժամանակ, երբ նրանք այլևս մեզ հետ չեն։ Այս ներկայացումը հենց այդ չկայացած գնահատանքի ուշացած փորձն է՝ սերնդի կողմից սերնդին փոխանցվող հարգանքի ու հիշատակի ձևով», - նշեց Թոխատյանը։
Ներկայացման հիմքում խորհրդավոր երկխոսությունն է մոր հետ, որի խորհրդանշական կերպարի միջոցով բացվում են Էլվինա Մակարյանի կյանքի տարբեր փուլերը՝ մինչև 2007 թվականի չկայացած երևանյան համերգը։ Այդ չկայացած համերգը դարձել է բեմադրության առանցքը։
Համերգը չեղարկվեց, և երկու ամիս անց երգչուհին հեռացավ այս աշխարհից։ Բեմը բաժանված է երկու մասի՝ հանդիսատեսին տեղափոխելով Էլվինայի կյանքի տարբեր փուլեր ու ներքին աշխարհ։ Էլվինա Մակարյանի կերպարը բեմում մարմնավորում է ջազ երգչուհի Իլոնա Սագիևան։
«Երբ իմացա, որ ինձ է վստահվել Էլվինա Մակարյանի դերը, միաժամանակ մեծ ուրախություն ու պատասխանատվություն զգացի։ Էլվինան ինձ համար պարզապես երգչուհի չէ․ նա դարաշրջան է, էներգիա և լույս։ Ես ինձ խոստացա անել ամեն ինչ, որպեսզի նրա կերպարը ներկայացնեմ արժանապատվորեն։ Նրա երգերը վաղուց էին իմ հոգու մի մասը, բայց այս անգամ բեմում խոսքը միայն երաժշտության մասին չէր։ Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը։ Այդ ընթացքում ես ինքս էլ զգացի, որ շատ բաներով նման ենք՝ խառնվածքով, անկեղծությամբ, ազատությամբ։ Երբ սկսեցի խաղալ, ես չէի փորձում նրան նմանակել․ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։ Նույնիսկ Էլվինայի հարազատներն էին ասում, որ բեմում նրա էներգիան է զգացվում։ Դա, կարծում եմ, ամենամեծ գնահատականն է յուրաքանչյուր դերասանի համար։ Առանձին հիշարժան է փոքրիկ խաչը, որը ռեժիսոր Արթուր Սահակյանը նվիրեց ինձ՝ նշելով, որ այն ժամանակին Էլվինան էր նվիրել իրեն։ Այդ խաչը հիմա իմ բեմական թալիսմանն է․ այն ինձ հետ է ամեն ներկայացման ընթացքում՝ որպես Էլվինայի ներկայության նշան», - պատմում է Սագիևան։
Ներկայացման սցենարի հեղինակն է լրագրող Ռուզան Մինասյանը, որը եղել է Էլվինա Մակարյանի մտերիմ ընկերներից։