Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«ՈւսանողականFest 2025»․ հարյուրավոր երիտասարդներ միավորվեցին մեկ հարթակում (տեսանյութ)

Հոկտեմբերի 26-ին Երևանում կայացավ «ՈւսանողականFest 2025»-ը, որն արդեն երրորդ տարին շարունակ միավորում է Հայաստանի բուհերի ուսանողներին՝ նպաստելով նրանց փոխճանաչմանը, զարգացմանը և համագործակցությանը։ Այս տարի միջոցառմանը մասնակցեց ավելի քան 300 ուսանող ՀՀ տարբեր բուհերից, իսկ գրանցումների ընդհանուր թիվը գերազանցեց 900-ը՝ հաստատելով, որ ուսանողական համայնքը շարունակում է աճել ու միավորվել ընդհանուր արժեքների շուրջ։ «ՈւսանողականFest 2025» գլխավոր գործընկերն Ամերիաբանկն էր, որի աջակցությամբ հնարավոր եղավ ստեղծել ավելի ընդգրկուն և բովանդակային հարթակ։

Առաջին «Ուսանողական ֆեստը» անցկացվել էր դեռևս 2022 թվականին՝ շնորհիվ համալսարանական թիմի նախաձեռնության։ Երրորդ ֆեստով «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և իր համալսարանական ցանցը խորհրդանշաբար ազդարարեցին աշնանային ավանդույթի շարունակականությունը՝ ընդգծելով ուսանողների ձայնի, նախաձեռնության և կապերի զարգացման կարևորությունը։

Խոսնակների ոգեշնչող պատմությունները

Ֆեստի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան լսելու և շփվելու տարբեր ոլորտներում հաջողության հասած մասնագետների հետ` Հելեն Գեղամյանի, Արեգ Գևորգյանի, Էդուարդ Քանքանյանի հետ։ Խոսնակները կիսվեցին իրենց անցած ճանապարհի փորձով, խոսեցին անձնական ու մասնագիտական զարգացման, առաջնորդության, թիմային աշխատանքի, ինչպես նաև ձախողումներից դասեր քաղելու կարևորության մասին։ Նրանց պատմությունները դարձան ոգեշնչման աղբյուր երիտասարդների համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հաջողության հիմքում կայունությունը, նպատակասլացությունը և մշտական ինքնազարգացումն են։

Խոսնակների ելույթները ուղեկցվեցին հարցուպատասխաններով և քննարկումներով, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց մտահոգություններն ու գաղափարները, ինչպես նաև ստանալ խորհուրդներ՝ կարիերայի և անձնական զարգացման վերաբերյալ:

«ՈւսանողականFest 2025»-ը ոչ միայն միջոցառում էր, այլև գաղափարական հարթակ, որը վերածվում է կամրջի՝ ուսանողների, բուհերի, մասնագետների և գործընկեր կազմակերպությունների միջև։ 

Ֆեստի ընթացքում ուսանողական համայնքում ստեղծվեցին նոր ծանոթություններ, նրանք  ստացան ոչ միայն նոր գիտելիքներ, լսեցին հաջողության պատմությունները, այլ նաև տեղեկացան Ամերիաբանկի առաջարկների մասին` 200 կրթաթոշակների մրցույթ ՀՀ բոլոր բուհերի ուսանողների համար, պրակտիկայի հնարավորություն Ամերիաբանկում, ինչպես նաև, երիտասարդ մասնագետների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ և այլն:


Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնությունը շարունակվելու է՝ ընդգրկելով ավելի լայն ուսանողական շրջանակներ Հայաստանի բոլոր մարզերից։ Նպատակն է, որ առաջիկա տարիներին «Ուսանողական ֆեստը» դառնա մի հարթակ, որտեղ կհամախմբվեն տարբեր բուհերի ու համայնքների ուսանողներ՝ նոր կապեր ստեղծելու, համագործակցելու և իրենց գաղափարներով զարգացնելու ուսանողական կյանքի մշակույթը Հայաստանում։