Մեր ձևով շարժմանը միացել է 5000 անդամ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը․ Նարեկ Կարապետյանը՝ ազգային ինքնագիտակցության, Արցախյան դասերի և Սամվել Կարապետյանի դերի մասին
Հոկտեմբերի 11-ին կայացել է «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը, որի ընթացքում շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ազգային ինքնագիտակցության, Արցախյան պատերազմի դասերի և Սամվել Կարապետյանի կալանքի թեմային։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այսօր երկու կարևոր հանգամանք է առանձնանում՝ Արցախյան հաղթանակը կորցրել ենք, իսկ ազգային ինքնագիտակցությունը գտնվում է վտանգի տակ․
«Բոլոր կողմերից մեր ինքնությունը ենթարկվում է պասիվ հարձակումների։ Պաշտոնապես չեն ասում, բայց մենք տեսնում ենք, որ վերանում են մեր ազգային սիմվոլները։ 44-օրյա պատերազմը պարտությունից հետո մի կարևոր դաս է, որը պետք է սերտենք․ մեր ազգի վատ գծերից մեկն այն է, որ հաղթելուց հետո արխային ենք դառնում։ Մինչդեռ յուրաքանչյուր ուժ, որը ձգտում է իշխանության, պետք է հասկանա՝ հաղթելուց հետո ամեն օր մի քայլ առաջ պետք է լինի, քան հարևանները»։
Նարեկ Կարապետյանը նաև նշեց, որ Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ միայն այն պատճառով, որ «փոքր խմբակին դուր չի եկել, որ նա պաշտպանել է եկեղեցուն»․
«Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ անգամ բանտախցում ավելի ազատ է, քան ժողովրդից մեկուսացված փոքրիկ խմբակը»,– ասաց նա։
Խոսելով շարժման ընդլայնման մասին՝ Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ մեկուկես ամսում «Մեր ձևով» շարժմանը միացել է արդեն 5000 կամավոր․
«Ամեն օր հարյուրավոր մարդիկ են կապ հաստատում և միանում մեզ։ Եթե այս տեմպը շարունակվի, մոտակա ամիսներին մենք կլինենք տասնյակ հազարավոր, և դա արդեն մեծ ուժ կլինի՝ անշրջելի փոփոխություններ կատարելու համար։ Մեր թիմը երիտասարդ է, և մեզ միանում են, որովհետև վստահում են Սամվել Կարապետյանի գաղափարներին ու սկզբունքներին։ Նրա ծրագրերով մենք Հայաստանը դարձնելու ենք օրինակելի երկիր»,– ընդգծեց շարժման համակարգողը։