Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրման Թաթոյանի գլխավորությամբ մեկնարկել է «Միասնության թևեր» շարժման գործունեությունը
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ «Միասնության թևեր» շարժման հիմնադրման միջոցառումը, որի առաջնորդն է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, Լուսինե Ղազարյանը և Արեն Մեհրաբյանը։
Արման Թաթոյանը իր խոսքում անդրադարձավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական, առողջապահական և անվտանգային խնդիրներին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությանը։ Նա ներկայացրեց իր տեսլականը եկեղեցի-պետություն և Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով փոխադարձ աջակցության կարևորությունը․
«Մենք պետք ենք իրար․ Հայաստանն առանց սփյուռքի թույլ է, իսկ սփյուռքը առանց Հայաստանի երկար գոյատևել չի կարող»։
Թաթոյանը նշեց, որ հարմարվողական արտաքին քաղաքականությունից պետք է անցում կատարել ճկուն արտաքին քաղաքականության՝ հավելելով․
«Հակադրության դարաշրջանն ավարտվել է, եկել է համագործակցության ժամանակը»։
Շարժման տնտեսական բլոկը ներկայացրեց Դավիթ Անանյանը՝ նշելով արդյունաբերական ներուժի ընդլայնման և տնտեսության ձևափոխման անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց մի շարք առաջնահերթություններ՝ յուրաքանչյուր քաղաքում երկու արդյունաբերական ձեռնարկության կառուցում, արհեստական բանականության ինտեգրում ռազմարդյունաբերության մեջ և Հայաստանի մասնակցության մեծացում տիեզերքի ուսումնասիրությանը։
Սոցիալական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ շարժման մոտեցումները ներկայացրեց Լուսինե Ղազարյանը՝ շեշտելով հավասար ելակետային հնարավորությունների ապահովման կարևորությունը․
«Սոցիալական արդարությունը համերաշխության հիմք է»։
Միջոցառման ավարտին Արման Թաթոյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Միասնության թևեր» շարժումը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նա, սակայն, չհստակեցրեց՝ շարժումը հանդես կգա առանձին, թե դաշինքի ձևաչափով։