Բացել լրահոսը Փակել լրահոսը
COMEX_OSV to Armenia March 2025
A A
Քաղաքականություն

ՀՀ Վարչատարածքային բարեփոխումը փոքրամասնություններին չպետք է վնասի․ ԵԽ-ի նոր զեկույցը

Հայաստանն առաջընթաց է գրանցել փոքրամասնությունների լեզուների պաշտպանության և խթանման գործում, այնուամենայնիվ, զգալի թերություններ են մնում,-այս մասին  նշվում է Եվրոպայի Խորհրդի Փորձագետների Կոմիտեի այսօր հրապարակած զեկույցում։  Փորձագետները Հայաստան էին այցելել գարնանը։

Այն գնահատում է Հայաստանի կողմից Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի  պահանջների կատարումը  2002թ-ից՝ դրա վավերացումից ի վեր՝  ընդգծելով ինչպես դրական նախաձեռնությունները, այնպես էլ   հրատապ ուշադրության եւ քայլերի պահանջը  փոքրամասնությունների լեզուների  համար, ինչպիսիք են   ասորերենը, հունարենը, քրդերենը, ռուսերենը, ուկրաիներենը և եզդիերենը։

Զեկույցը դրական է  գնահատում հանգամանքը, որ  Հայաստանը 170 դպրոցների համար իրականացրել է «Մշակութային բազմազանություն» ծրագիր՝ նպատակ ունենալով նպաստել տարբեր մշակույթների հանդեպ հարգանքի ամրապնդմանը: Ծրագրի շրջանակներում կայացել են փոքրամասնական լեզուների ուսուցում և ուսումնասիրում՝ բաց դասերի, ներկայացումների և երգ ու պարի  միջոցով։

 Փորձագետների կոմիտեի անդամների  հետ հանդիպումներում մասնակիցները հաստատել են  նախաձեռնության կարևորությունը  աշակերտների շրջանում այլ մշակույթների վերաբերյալ իրազեկության բարձրացման համար: Մշակութային միջոցառումները, գիտաժողովները և փոքրամասնական համայնքների ազգային տոների տոնակատարությունները տեղի են ունենում կանոնավոր՝  ներառայալ Հայաստանի կառավարության աջակցությամբ

Ըստ զեկույցի՝ ռուսերենով և ռուսերենի դասավանդումը շարունակում է մատչելի լինել կրթության բոլոր մակարդակներում Հայաստանում: Մյուս փոքրամասնական լեզուների դասավանդումը տարրական և միջնակարգ դպրոցներում ընդհանուր առմամբ ամրապնդվել է, բացառությամբ հունարենի և ուկրաիներենի։

Սակայն զեկույցը մատնանշում է նաև թերություններ։ Ինչպես իշխանությունների, այնպես էլ փոքրամասնությունների լեզուներով խոսողների շրջանում կա Խարտիայի մասին իրազեկվածության համատարած պակաս։

Հայկական օրենսդրությունը դեռևս չի երաշխավորում փոքրամասնությունների լեզուների օգտագործման իրավունքը դատական գործընթացներում ( երբ խոսողը  տիրապետում է հայերենին,  բայց ցանկանում է  դատարանում խոսել իր մայրենի լեզվով) ինչը չի համապատասխանում Խարտիայի 9-րդ հոդվածին։

Ավելին, ընթացիկ վարչատարածքային բարեփոխումները, որոնք ներառում էր համայնքների միաձուլում, բացասաբար են անդրադառնում փոքրամասնությունների լեզուների օգտագործման վրա տեղական մակարդակում, օրինակ՝ ասորերենը Դիմիտրովում և Նոր Արտագերսում։  Իշխանությունները պետք է ապահովեն, որ վարչական բարեփոխումները չհանգեցնեն փոքրամասնական փոքրամասնական լեզուների դասավանդման նվազմանը, նախազգուշացնում է Փորձագետների կոմիտեն:

Որակավորված՝ լեզվի ուսուցիչների պակասը մնում է մշտական մարտահրավեր, որի համար կա առաջարկ ստեղծել համապատասխան համալսարանական ամբիոններ։  Հանրային հեռուստատեսությունը չունի փոքրամասնությունների լեզուներով հատուկ հաղորդումներ, փոխարենը առաջարկում է միայն ընդհանուր տեղեկատվություն ազգային փոքրամասնությունների մասին հայերենով։

Փորձագետների Կոմիտեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին որդեգրել ավելի նախաձեռնող և ռազմավարական մոտեցում, ավելացնել ֆինանսավորումը և փոփոխել համապատասխան օրենսդրությունը՝ Խարտիայով ստանձնած պարտավորությունները լիովին կատարելու համար.

Տարածաշրջանային կամ փոքրամասնական լեզուների եվրոպական խարտիան Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան է, որը նախագծված է պաշտպանելու և խթանելու մասնակից պետությունների տարածաշրջանային կամ փոքրամասնական լեզուները և հնարավորություն տալու այս լեզուներով խոսողներին օգտագործել դրանք թե՛ մասնավոր, թե՛ հանրային կյանքում: Խարտիայի րականացումը վերահսկվում է անկախ Փորձագետների կոմիտեի կողմից:   Այն ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 1-ին և այժմ գործում է 25 պետություններում: