Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Պաշտոնական

Երևանում մեկնարկեց «ARMENIA EXPO 2025» 24-րդ միջազգային ցուցահանդեսային ֆորումը

Յոթ երկրի շուրջ երկու հարյուր ընկերություն է ներկայացված սեպտեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «ARMENIA EXPO 2025» 24-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO կենտրոնի համատեղ կազմակերպած ցուցահանդեսի մասնակիցներին իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացրել Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Ղազախստանի և Էստոնիայի ընկերությունները։

Համանման ցուցահանդեսները ողջույնի իր խոսքում գործարարների համար իսկական տոն որակեց ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նրա գնահատմամբ՝ սա ընկերությունների համար լավ հնարավորություն է ցույց տալու անցած մեկ տարում իրենց կատարած տնային աշխատանքը, անմիջական շփվելու, նոր գործարար կապեր հաստատելու համար։

Ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում նախատեսված են նաև թեմատիկ քննարկումներ, մասնավորապես «Շինարարական նախագծերի ուշացումների կանխում՝ ավտոմատացված նյութական կառավարման միջոցավ», «2GIS-ի նշանակությունը կյանքում և բիզնեսում», «Կիբեռանվտանգություն․ անձնական տվյալների պաշտպանության ուժեղացում ամպային միջավայրերում՝ ժամանակակից գործիքների և համակարգերի նախագծման միջոցով», թեմաներով, որոնք կվարեն ԱՄՆ-ից, Չինաստանից, Հայաստանից հրավիրված մասնագետները։ Այցելուներին սպասվում է նաև վիճակահանություն։

«ARMENIA EXPO 2025»-ի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 7-ը։