Քաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով ներդրվել են սքրինինգային ծրագրեր․ Ավանեսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա երկօրյա կոնգրեսն այս տարի անցկացվում է «Հայկական ուռուցքաբանություն․ համարձակ ծրագրերից դրանց իրագործում» խորագրով։
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Այն համախմբել է շուրջ 400 մասնակիցների՝ Հայաստանի և արտերկրի առաջատար ուռուցքաբանների, առողջապահության ոլորտի պատասխանատուների և մասնագետների։
Կոնգրեսի բացման պաշտոնական արարողությանը ելույթներով հանդես են եկել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը, ինչպես նաև ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան։
Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ քաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով վերջին տարիներին ներդրվել են սքրինինգային ծրագրեր՝ սկսելով պիլոտային, այնուհետև տարածելով ամբողջ հանրապետության մասշտաբով: Բացի այդ, հետազոտման և բուժման այնպիսի ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են՝ ՊԵՏ/ԿՏ հետազոտումը, նորագույն սարքավորումներով ճառագայթային թերապիան, ռոբոտային վիրաբուժությունը և թանկարժեք արդիական դեղերի հասանելիությունն այսօր իրականություն են Հայաստանի բնակչության համար: Բայց քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը չէր կարող ամբողջական լինել առանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման։
Զեկույցներով հանդես են եկել նաև տարբեր երկրների պատվիրակներ: Միջոցառման շրջանակում նախատեսվում են թեմատիկ «կլոր սեղաններ», կոնգրեսի ընթացքում կանցկացվեն նաև բացառիկ live surgery վարպետաց դասեր՝ միջազգային անվանի վիրաբույժների մասնակցությամբ:
Կոնգրեսը կարևոր հարթակ է փորձի փոխանակման, նորարարական մոտեցումների ներկայացման և հայկական ուռուցքաբանության զարգացման ռազմավարական ուղղությունների ձևավորման համար։