Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
A A
Հասարակություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու պահանջով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը, գրում է «Ազատությունը»։

Փաստաբան Երեմ Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մերժման հիմքերին դեռ ծանոթ չեն, քանի որ որոշումը չեն ստացել, բայց պնդում է, որ մերժումն անհիմն է:

Պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի ընթացքում Քննչականը հայտարարեց, թե ավարտել է գործի նախաքննությունը: Փաստաբաններն այս հանգամանքը ևս ներառել էին իրենց վերաքննիչ բողոքում, ընդգծելով՝ դատարանը պետք է հաշվի առնի, որ Միքայել սրբազանն այլևս նախաքննությանը խոչընդոտել չի կարող, ինչպես հիմնավորել էր մեղադրող կողմը:

Երեմ Սարգսյանն ասաց՝ մերժումը, ըստ ամենայնի, կբողոքարկեն Վճռաբեկ դատարան, չի բացառվում՝ հետագայում նաև դիմեն Եվրադատարան:

Շիրակի թեմը 25 տարի առաջնորդող Միքայել Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Գործի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որում բարձրաստիճան հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: