Ադրբեջանում հսկելու են ադրբեջանցիները, մեր երկրում՝ այլ երկրների քաղաքացինե՞ր. հարց՝ Փաշինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվա ասուլիսին Նիկոլ Փաշինյանը փոխադարձության մասին ոչինչ չասաց մինչ այն պահը, երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ մինչ այժմ Երևանի պնդած փոխադարձության սկզբունքը պահպանվելո՞ւ է: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ հարցը քննարկում են այդ տրամաբանությամբ: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանում էլ Հայաստանի համար կգործի նույն անցման նույն ռեժիմը, և եթե Բաքուն չհամաձայնի, ապաշրջափակում չի՞ լինի: Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, նշեց՝ Ադրբեջանի դեպքում այլ է, իրենք երկաթուղի ունեն:
«Խնդիրը հետևյալն է, որ Ադրբեջանի տարածքում, ըստ էության, այդ երկաթուղին կա, մեր տարածքում է, որ բացակայում է: Ընկերությունը, որի մասին դուք ասում եք, ամենակարևոր գործառույթներից մեկը ներդրումային գործառույթն է, ներդրումներ հավաքելու ու բերելու, ներդրումներն իրականացնելու գործառույթն է», - ընդգծեց վարչապետը:
Բացի ներդրումներն, ըստ Փաշինյանի, այդ կազմակերպությունը այլ գործառույթներ ևս կունենա. - «Բազմաթիվ գործառույթներ կան. անվտանգության գործառույթ կարո՞ղ է իրականացնել, այո, որովհետև օրինակ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» էլ, օդանավակայանն էլ ունեն ծառայություններ, իրենց ներքին անվտանգության ծառայությունն ունեն, անվտանգությունն օդանավակայանում ապահովվում է հիմնականում Հայաստանի պետական մարմինների կողմից, բայց աշխարհի բոլոր օդանավակայանները ունեն իրենց անվտանգության ծառայությունը, ասեմ, որ հանկարծ չստացվի, թե մենակ մենք ունենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապաշրջափակման թեմայով նախկինում ընդգծել է՝ Սյունիքի ճանապարհի հատվածը, որ Բաքուն պահանջում է, ընդհանուր ճանապարհների ապաշրջափակման հարցում ենթահարց է: Այսօր նրան ուղիղ հարցրինք սա նշանակո՞ւմ է, որ բոլոր ճանապարհները բացվելու են միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն այս հարցը թողեց անպատասխանը:
Շատ կարճ այսօր խոսեց Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից, ասաց՝ նախաստորագրման շուրջ քննարկումներ կան: Եվ Հայաստանը խաղաղության ճանապարհին ոչ մի տարբերակ բաց չի թողնելու: