Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Այս պայմաններում իմպիչմենտը կարող է բերել արտահերթ ընտրությունների․ Ա․Ղուկասյան (տեսանյութ)

«Խորհրդարանական ուժերն ունեն ցածր վարկանիշ և կանգնած են հետևյալ հարցի առաջ՝ հաջորդ ընտրություններն անցկացնել քաղաքացիների մե՞ծ, թե՞ փոքր մասնակցությամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Հերթական խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026թ․ հունիսի 7-ին։ Անդրիաս Ղուկասյանը հիշեց, որ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է շուրջ 1 մլն 260 հազար մարդ։ Այդ ժամանակ մոտ 600 հազար ձայն ստացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 200 հազարից ավելին՝ «Հայաստանը» դաշինքը և 50-60 հազար ձայն էլ ստացավ «Պատիվ ունեմ» դաշինքը։ Այս երեք ուժերը մոտ 900 հազար ձայներով ձևավորեցին խորհրդարանը։ «Հիմա հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ն 300 հազարից ավելի ձայն չի կարող ստանալ, խորհրդարանական ընդդիմությունը 200 հազարից ավելի ձայն չի կարող հավաքել։ Սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ ընդամենը կես մլն ընտրող ունի կողմնորոշում, շուրջ 800 հազարը չունեն և մերժում են այդ երեք ուժերին։ Ուրեմն նրանց մոտ հարց է առաջանում, թե ինչպես վերարտադրվել»,- ասում է նա։

Անդրիաս Ղուկասյանը նաև հիշեցնում է, որ թե Երևանի, թե Գյումրիի ավագանու ընտրություններն անցել են ընտրողների ցածր մասնակցությամբ։ Եվ ասում է, որ ամիսը, երբ կարելի է կազմակերպել առավել ցածր մասնակցությամբ ընտրություններ, օգոստոսն է։ Այդպիսով եզրակացնում է, որ խորհրդարանական այդ երեք ուժերին էլ ձեռնտու է ընտրություններն անցկացնել հենց այդ ամսին։ «Կարծում եմ, քաղաքական գործիչները պիտի քննարկեն այս հարցը՝ օգտագործե՞լ օգոստոսի առանձնահատկությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Այս պայմաններում իմպիչմենտի գործընթացը կարող է բերել արտահերթ ընտրությունների։ Փոքր մասնակցությամբ ընտրությունները ձեռնտու են իշխող ուժերին։ Իսկ իմպիչմենթն ընդամենը առիթ է, որ վարչապետն ասի, անվստահությո՞ւն եք հայտնում, ուրեմն հարցը թող ժողովուրդը որոշի։ Այսինքն՝ արտահերթ ընտրություններ»,- հավելեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։