Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լեւոն Զուրաբյանը հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում տեղի ունեցած «Ղարաբաղյան հակամարտությունը. 1994 թվականի հրադադարը և 30 տարիների բանակցային գործընթացը» թեմայով բանախոսության ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսել է 1988 թվականի շարժման մասին՝ առանձնացնելով դրա պատմական նշանակությունը։

Զուրաբյանի խոսքով՝ շարժման կարևորությունն այն էր, որ ժողովուրդը միաժամանակ դուրս եկավ հրապարակ, ձևավորեց իր առաջնորդներին, և վերջիններս սկսեցին ներկայացնել այն օրակարգը, որը բխում էր ժողովրդի շահերից և ձգտումներից։ Այդ օրակարգը, նրա խոսքով, միշտ չէ, որ համընկնում էր խորհրդային կոմունիստական իշխանության մոտեցումների հետ։

Պատմական ակնարկի ընթացքում նա նշեց, որ շատ արագ ձևավորվեց այն, ինչ անվանվեց «հայկական օրակարգ»՝ իբրև միացնող ուժ ողջ ազգի համար։ Այսօր, սակայն, Զուրաբյանի համոզմամբ, իրավիճակն այլ է․ մեծ է գերտերությունների ազդեցությունը փոքր երկրների վրա, իսկ հայկական ինքնուրույն օրակարգը բացակայում է։

«Այսօր ՀՀ-ում հայկական օրակարգ գոյություն չունի։ Կան օտարածին օրակարգեր, բոլորն ունեն իրենց գործակալները՝ պետական տարբեր բարձր պաշտոններում։ Եթե գաղափարների մրցակցություն կա, ապա դա ոչ թե հայի մեջ է, այլ՝ տարբեր պետությունների միջև, որոնք փորձում են մեզ վրա ազդեցություն գործել», – ասաց նա։

Ըստ Զուրաբյանի՝ մինչ մեր հասարակությունը շարունակում է բզկտված մնալ, ոչ մի նշանակալի արդյունք հնարավոր չէ։ Հիմնական և գերխնդիրն այսօր, ըստ նրա, հայկական օրակարգի վերաձևավորումն է։

Մանրամասները՝ տեսանյութում։