Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասշտաբային փառատոն DILIJAN WINE FEST-ը երրորդ անգամ անց է կացվելու Խանջյանի ամառանոցի տարածքում

Տնտեսություն

Օգոստոսի 3-ից 4-ը Դիլիջանում` Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում տեղի կունենա DILIJAN WINE FEST 2024 փառատոնը, որը կազմակերպվում է  ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Գինու փառատոնը Դիլիջանում անցկացվում է արդեն երրորդ տարին`ընդլայնելով մասնակիցների ցանկը։

«Այս անգամ մեր փառատոնի համար ռեկորդային թվով հայկական բրենդներ ենք հավաքել։ 40-ից ավելի գինեգործարաններ և ռեստորաններ հյուրերին կզարմացնեն նոր համերով: Վերջին տարիներին Հայաստանում գինեգործության մշակույթը սրընթաց զարգանում է՝ ավելի ու ավելի մեծ ուշադրություն գրավելով տեղական բարձրորակ գինիների և խաղողի յուրահատուկ սորտերի վրա։ Մեր թիմը ուրախ է լինել այս գործընթացի մի մասը և նպաստել դրա առաջմղմանը»,- ասում է TimeTo-ի  փառատոնների գծով տնօրեն Ռոման Օրլենկոն:

«Գինու զբոսաշրջությունը Հայաստանի զբոսաշրջային շուկայի առաջնային ուղղություններից  է՝ շնորհիվ մեր երկրի գինեգործական հարուստ պատմության և մշակույթի։ Տավուշի մարզը մեր 5 գինեգործական մարզերից մեկն է, և  ողջունելի է, որ այս մարզում ևս կազմակերպվում է գինու փառատոն, որին հնարավորություն ունեն  մասնակցելու  թե՛ Հայ գինեսերները,  թե՛ արտերկրից  ժամանած մեր հյուրերը։ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն աջակցում է այս նախաձեռնությանը, որը  նպաստում է ոչ միայն  արժեքների պահպանմանը և արժևորմանը, այլև համայնքներում զբոսաշրջության և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը»,- ասում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը։

Հյուրերին սպասում է գինու տոնավաճառ, համտեսներ, գինով նկարչություն և ավանդական խաղողի տրորման արարողություն: Փառատոնի կազմակերպիչները ակնկալում են ավելի քան 5000 հյուրեր: Այս տարի փառատոնի երաժշտական ծրագրի գլխավոր խումբը The Reincarnation Orchestra-ն է։

Երկու թեմատիկ բեմերում կհնչի ջազ, ինչպես նաև սիրված կատարողների դիջեյ-սեթեր: Dilijan Wine Fest-ում առաջին անգամ ելույթ կունենան հայ դասականների ժամանակակից մշակումներով հայտնի gorgeouz beats-ը: DJ բեմում կհայտնվեն նաեւ ALEN HERTZ-ը (TERIAKI-ն) ու DJ TOX-ը։ Ջազային բեմում հանդես կգան երաժիշտներ Դեյվ Գեոդակյանը, ինչպես նաև Սոնա Գյուլխասյանը և Ռաֆայել Պետրոսյան տրիոն։

Փառատոնի տարածքում նախատեսված է նաև ընտանեկան հանգստի գոտի, խաղեր և զվարճություններ երեխաների համար։

Փառատոնի տարածքը հյուրերի համար բաց կլինի ժամը 15:00-ից մինչև 22:00։

Վայրը՝ Խանջյանի սմառանոցը, ք. Դիլիջան (Մաքսիմ Գորկու փող., 3/1):

Փառատոնի գործընկերներն են EasyPay ֆինտեխ հարթակը և Vine and Wine Foundation-ը։