Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի ասուլիսը․ ՈւՂԻՂ (տեսանյութ)

USAID-ին ժողովրդավարության հետ կապված հարցադրմանը մոտենում է գլոբալ տեսանկյունից՝ ամբողջ աշխարհում արձանագրելով զգալի հետընթաց ժողովրդավարական գործընթացներում, որովհետև վիճարկվում են ընտրությունների արդյունքները, դրանք կասկածի տակ են դրվում նաև Միացյալ Նահանգներում, քաղհասարակությունն ամենուր գնալով ավելի շատ ճնշումների է ենթարկվում, մարդիկ որոշ երկրներում նույնիսկ չեն կարող քննադատել կառավարությանը՝ վախենալով բանտարկություններից։ 

Այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացներին։

«Ես այստեղ չեմ եկել դրսից այցելուի տեսանկյունից գնահատականներ տալու հայաստանյան ժողովրդավարական գործընթացի բաղադրիչներին, սակայն ավելի գլոբալ համայնապատկերի մեջ վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում եղել են զգալի զարգացումներ, որոնք բերել են ավելի շատ ազատականացում քաղաքացիների համար։ Մասնավորապես, երբ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Այստեղ առկա է ավելի շատ թափանցիկություն։ Մեր գործակալության մոտեցումը հետևյալն է․ մենք չենք սատարում որևէ անձի կամ կառավարության, այլ դիտարկում ենք այն, թե ինչ կարող է ԱՄՆ-ն անել՝ ուժեղացնելու կառույցներն ու ինստիտուտները, զսպանակներն ու հակակշիռները՝ պաշտպանելու այն դաշտը, որտեղ հնչում են նաև քննադատություններ՝ կապված ժողովրդավարական գործընթացներում առկա որոշ երևույթների հետ»,- ասաց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։ 

Եվս մեկ անգամ անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հեռանկարին՝ Փաուերը շեշտեց, որ պետք լուծել բոլոր խնդիրները, որպեսզի Հարավային Կովկասում լինի տևական խաղաղություն։ Նա նշեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կենտրոնացել է հնարավորությունների ու առավելությունների վրա, որոնք կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։  

«Ադրբեջանում անցկացված վերջին հարցումների համաձայն՝ խաղաղության գործընթացի նկատմամբ լայն աջակցություն կա նաև այնտեղ։ Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հարգել մարդու իրավունքները, մարդավայել վերաբերմունք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բանտարկյալների նկատմամբ, իրականացնել արդար դատաքննություն։ Այդ հարցերի լուծումը նույնպես կապահովի առաջընթաց բանակցություններում»,- եզրափակեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։         

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և ԱՄՆ-ն պատրաստակամ են օգնել Հայաստանին բարեկեցություն կառուցելու, ժողովրդավարությունն ամրապնդելու և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։

«Այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը հնարավորության պատուհան ունի ՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են։ ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ-ն ընդհանրապես պատրաստակամ ենք օգնելու Հայաստանին հնարավորության այս պատուհանից առավելագույն արդյունք քաղելու հարցում։

2018 թվականին, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և փոփոխություն պահանջեց, այդ ժամանակից ի վեր Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել, խորացրել ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի արձագանքող լինել քաղաքացիների կարիքներին, ապահովել, ստեղծել տնտեսական հնարավորություններ, որոնք նախկինում կոռուպցիայի պատճառով անհնար էին»,- ասաց Սամանթա Փաուերն՝ ընդգծելով, որ Հայաստանը տնտեսական աճի առաջատարներից է տարածաշրջանում։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի խոսքով՝ այսօր Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակված հակամարտությանը։ «Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցություններն՝ ուղղված հաշտությանը։ ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որպեսզի Հայաստանը պատմական այս պահը օգտագործի»,-եզրափակեց Սամանթա Փաուերը։