Երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են. Անահիտ Մանասյանը Լոռու մարզում մասնակցել է հունիսմեկյան միջոցառման
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում երեխաների համար կազմակերպել են տոնական միջոցառում։
Բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է շուրջ 100 երեխա: Ներկա են եղել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նաև Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:
Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Պաշտպանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն իր առաջնահերթություններից է: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անկախ բնակության վայրից, չափազանց կարևոր է, որպեսզի երեխաների առաջ բացվեն լայն հնարավորություններ: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ շեշտել է, որ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ միջոցառումը կարող է լինել հենց այդ հնարավորություններից մեկը:
«Կարևորում եմ երեխաների համար այնպիսի միջավայրի ձևավորումը, որը թույլ կտա նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմաններ երաշխավորել: Սիրելի ծնողներ, ուսուցիչներ, գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են», - ասել է Անահիտ Մանասյանը:
Իր հերթին, Քրիստինե Վայգանդը նշել է, որ երեխաների հետ երկխոսությունը դպրոցում օգտակար էր մի շարք առումներով։
«Այս տարի նշում ենք Երեխայի իրավունքների կոնվենցիայի 35-ամյակը, որի շրջանակներում անհրաժեշտ է մեկ անգամ ևս վերլուծել երեխաների իրավիճակը և ականջալուր լինել նրանց դիտարկումներին, որը կուղենշի մեր հետագա անելիքները», - նշել է Քրիսթինե Վայգանդը: