Բացել լրահոսը Փակել լրահոսը
744
A A
Հասարակություն

Մահացել է Պարույր Սևակի որդին

Երևանի պետական համալսարանը և Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը ծանր կորուստ ունեցան։ Հանկարծահաս անողոք հիվանդությունից 2024 թ․ ապրիլի 27-ին Երևանում վախճանվեց ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ-ն։
 
Ա․ Ղազարյանը ծնվել է 1958 թ․ Մոսկվայում հայ նշանավոր բանաստեղծ և գրականագետ Պարույր Սևակի և թարգմանչուհի Նելլի Մենաղարաշվիլիի ընտանիքում։ 1975-1980 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1983 թ․ ավարտել է ասպիրանտուրան և անցել դասախոսական աշխատանքի։ Մինչև 2023 թվականը հայ նորագույն գրականություն է դասավանդել հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում։ 1990 թ․ պաշտպանել է ատենախոսություն «Դ. Դեմիրճյանի պատմագեղարվեստական ստեղծագործությունը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ա․ Ղազարյանը հեղինակ է Դ․ Դեմիրճյանի, Վ․ Դավթյանի, Պ․ Սևակի ստեղծագործությանը վերաբերող բազմաթիվ հոդվածների։ Կազմել և հրատարակել է Պարույր Սևակի անտիպ երկերն ամփոփող մի շարք ժողովածուներ։
 
1990-ական թվականներից Արմեն Ղազարյանը կրթական, գիտական և կազմակերպչական ղեկավար աշխատանք է կատարել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ակադեմիայում։ Ոստիկանության գնդապետ էր։
 
Արմեն Ղազարյանը հրաշալի գործընկեր էր, բարի և սիրված դասախոս։ Նա նաև ընտանիքի օրինակելի հայր էր, Պարույր Սևակի տոհմի պահապանն ու շարունակողը։