Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կարևորում ենք ՄԹ-ի հետ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով ԱԺ նախագահ (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը: «Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով»,- ասել է ԱԺ նախագահը: Նա բարձր է գնահատել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության օրենսդիր մարմինների համագործակցությունը եւ ընդգծել երկու երկրների միջեւ փոխայցելությունների եւ անձնական շփումների դրական դինամիկան: «Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է, եւ այս առումով ես պետք է շեշտեմ Միացյալ Թագավորության դերն ինստիտուցիոնալ ձեւավորման խթանման եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց սոցիալական խնդիրները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացը: Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը տարածաշրջանում միջազգային իրավունքի պահպանման եւ խթանման հարցում: