![431507231_1149950853036316_7934486379452229519_n 431507231_1149950853036316_7934486379452229519_n](/static/articles/46/94/21/l-SmG8i6AJ8B.jpg)
A
A
Եթե խախտվել են Էթիկայի կանոնները․ ի՞նչ գործառույթներ ունի Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի նորաստեղծ հանձնաժողովը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում արդեն գրեթե մեկ տարի է՝ գործում է Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովը։ Այստեղ կարող են դիմել պացիենտները, որոնք գտնում են, որ բուժաշխատողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները։ Հանձնաժողովին կարող են դիմել նաեւ բուժաշխատողները՝ այլ բուժաշխատողների կողմից էթիկայի կանոնների խախտում արձանագրելով։
Հանձնաժողովը կազմված է 7 անձից, այստեղ ներգրավված են իրավաբաններ, հոգեբան, բժիշկ, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվոող մարմինների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի անդամներն ընտրվում են 3 տարի ժամկետով։
«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի ազգային փորձագետ Արազ Չիլոյանի խոսքով՝ հանձնաժողովը մարմին է, որը կոչված է ուսումնասիրել, դիտարկել ու քայլեր ձեռնարկել, զեկուցել պացիենտի հետ աշխատանքի ժամանակ առաջացած էթիկական խնդիրների մասին։
![Нет описания.](https://scontent.fevn7-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/428078100_2398966417157753_4709513105652071165_n.jpg?_nc_cat=109&ccb=1-7&_nc_sid=8cd0a2&_nc_ohc=qJ5z1mKlCSgAX8BUm3T&_nc_ht=scontent.fevn7-1.fna&oh=03_AdQb5KbbmHFvyro90IsWVTpLi1vn4-tOV0KtMlzw5aLA2Q&oe=660C1C01)
«Հանձնաժողովն անկախ մարմին է, հիմնված 6 սկզբունքների վրա՝ ինքնավարություն, արդարադատություն, բարեգործություն, ոչ չարամտություն, գաղտնիություն, ազնվություն։ Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի նպատակն է քննել բուժաշխատողների կողմից էթիկայի խախտման դեպքերը, որոշումներ կայացնել, որոշումներ կայացնելուց հետո էլ անել հաջորդ քայլերը։ Շատ կարեւոր է հետեւողական լինելը, որպեսզի հանձնաժողովի որոշումներն իրականացվեն։ Հետեւել, թե օրինակ նկատողությունը տվյալ բուժաշխատողի նկատմամբ իրականացվել է, ինչպես է արվել եւ այլն»։
Անկախ անդամներից կազմված այս հանձնաժողովն իրավական գործառույթներ չունի, այն չի կարող քննել քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող որեւէ արարք։ Սակայն հանձնաժողովի որոշման արդյունքում բուժաշխատողը ոչ միայն կարող է նկատողություն ստանալ, այլև հնարավոր է մինչեւ անգամ որոշ ժամանակով կասեցվի նրա գործունեությունը։ Հանձնաժողովի նիստերն անցկացվելու են դռնփակ։
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը նշում է՝ հանձնաժողովում որոշում կայացնելու հարցում միանշանակ ստանդարտներ չկան․
![Возможно, это изображение 2 человека, люди учатся и текст](https://scontent.fevn7-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/429776464_711830177805522_6993561692412753924_n.jpg?_nc_cat=110&ccb=1-7&_nc_sid=dd5e9f&_nc_ohc=yoiIEAzf5QkAX-kgC8z&_nc_ht=scontent.fevn7-1.fna&oh=00_AfCoeL9PKzGfWTjW6XHrdA_8TqSlu_psjFgY8p7S7oSWNA&oe=65E91D9B)
«Սա դատարան չի, արդարադատություն իրականացնող մարմին չի, էթիկայի հանձնաժողով է, այսինքն՝ վարք քննող մարմին։ Յուրաքանչյուր դեպք գնահատվելու է անհատական մոտեցմամբ։ Մենք չենք կարող իրավական եզրակացություններ տալ, էթիկական եզրակացություններ ենք տալու»,- ասում է նա։
Նշենք նաեւ, որ հանձնաժողովը դեռեւս որեւէ դիմում չի ստացել։