Գործարար համայնքը շարունակում է աջակցել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական կարմիր խաչի ընկերությունը շարունակում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության փաթեթների բաշխումը, որն իրականացվում է շնորհիվ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության կողմից հատկացված 40 մլն դրամի նվիրատվության։ Արդյունքում 1000 տեղահանված ընտանիքի կտրամադրվեն տաք ծածկոցներ ու հիգիենիկ հավաքածուներ, որոնք հաշվարկված են մեկ ամսվա կտրվածքով։ Տաշիրում և Արտաշատում բնակություն հաստատածներին օգնության տրամադրումն արդեն ավարտվել է, այժմ բաշխումը մայրաքաղաքում է ընթանում։
Սա գործարար համայնքի՝ հայրենազրկված արցախահայությանը սատարման օրինակներից մեկն է միայն։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ անցյալ տարվա սեպտեմբերին Արցախում ծավալված զարգացումների առնչությամբ արված կոչից հետո բազմաթիվ գործարարներ իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ստիպողաբար տեղահանված մեր հայրենակիցներին կացարաններով, սնունդով, առաջին անհրաժեշտության պարագաներով, աշխատատեղերով ապահովման գործում։ Իսկ 2023-ի տարեմուտին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարեց գործարարների հերթական նախաձեռնության մասին, որով նախատեսվում է ավարտին հասցնել Գյումրիում ավերիչ երկրաշարժից հետո անավարտ մնացած շինարարական համալիրներից մեկը, ինչը հնարավորության կտա բնակարանով ապահովել Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիքի։ Նախագծային աշխատանքներն արդեն արված են, ընդհանուր առմամբ կպահանջվի 1,5 մլդ դրամ։