Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսագետ. «Ճգնաժամը շարունակվելու է»

Տնտեսություն
fc4f32c337ec241c1b5393ca162da65a

«Ժամանակաշրջանի, կյանքի պայմանների փոփոխությունների հետ մեկտեղ ավելացել են նաև մարդկանց պահանջմունքները»:

Տնտեսագետ Ալեք Յենիգոմշյանը հիմնականում այս դրույթի հետ է կապում համաշխարհային սոցիալ -տնտեսական ճգնաժամի գոյությունը:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտում այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հերթական նիստի ժամանակ կազմակերպված քննարկման ընթացքում Ալեք Յենիգոմշյանը կարծիք հայտնեց, թե այս ճգնաժամը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ գործող ֆինանսական համակարգը չի փոխվել:

Իսկ դրա հիմքում կապիտալիստական կարգին բնորոշ հնարավորինս շատ շահույթ ստանալու ձգտումն է:

Ապրանքի արժեքը կազմվում է հումքի, աշխատավարձի, և հարկերի արժեքի գումարի հիման վրա, եւ ըստ տնտեսագետի, քանի որ ամբողջ աշխարհում մարդկանց պահանջմունքները բարձրացել են բարձրացող աշխատավարձերի պատճառով հնարավոր չէ այլևս մեծ շահույթ ապահովել:

Պարոն Յենիգոմշյանը իր զեկույցում նշում է նաև, որ պակաս շահույթը թույլ չի տալիս ներդրումների ծավալի ավելացում, հենց սրանից էլ ստեղծվում է զարգացման տեմպերի անկում և ճգնաժամ:

Ժամանակակից աշխարհի զարգացած երկրները իրենց արտադրությունները տեղափոխում են ավելի ցածր գնահատվող աշխատուժ ունեցող երկրներ, սակայն այդ երկրները կարճ ժամանակում զարգանում են, և այնտեղ եւս ցածր ինքնարժեքով ապրանք արտադրելը դառնում է անհնար:

Մյուս կողմից դրամային գերիշխող դիրք ունեցող երկրները, ինչպիսին այժմ ԱՄՆ -ն է, թելադրում են իրենց խաղի կանոնները և կարող են համաշխարհային շուկայում իրենց արժույթի ավելացմամբ կամ պակասեցմամբ ստեղծել քաոսային իրավիճակ:

Հայաստանը աշխարհի մի մասնիկն է և այն ինչ տեղի է ունենում այլ երկրներում, իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև հայաստանյան տնտեսության վրա:

Եթե սրան էլ ավելացնում ենք կոռուպցիոն ռիսկերը, որոշ ապրանքների շուկայում մենաշնորհային դիրքի առկայությունը, ապա Հայաստանը, ըստ տնտեսագետի, հայտնվում է աղետալի վիճակում:

Ճգնաժամից դուրս գալու ելքը, ըստ մասնագետի, կարող է լինել աշխարհը տարբեր բևեռներից կառավարելը, ինչի ուղղությամբ արդեն սկսել են աշխատել գերտերությունները: